«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը «Միութենական պետության» վերաբերյալ
1. Վերջին շրջանում ակտիվացել են այսպես կոչված Միութենական պետությանը Հայաստանի անդամակցելու մասին խոսակցությունները: Այս խոսակցությունները նոր իմաստ և երանգ են ստանում հատկապես ուկրաինական պատերազմի համատեքստում:
«Մարտական եղբայրությունը» այս առիթով վերահաստատում է նախկինում իր հայտնած դիրքորոշումը՝
– կտրականապես դեմ լինելը Հայաստանի անդամակցությանը ենթադրյալ Միութենական պետությանը, այլև՝ նախկին Սովետական Միության ռեստավրացիոն որևէ նախագծի՝ ինչ անուն էլ դա ունենա,
Կարդացեք նաև
– պատրաստակամությունն՝ անհրաժեշտ դեպքում լինել Հայաստանի անկախության պաշտպանության պայքարի Վերջին Կայազորը:
2. Միութենական պետության գաղափարին դեմ լինելու մեր դիրքորոշման մանրամասն հիմնավորումը թողնելով ավելի հարմար առիթի, այս պահին արձանագրում ենք միայն հետևյալը:
– Հայ ժողովորդի ողջ պատմական փորձը անբեկանելիորեն ապացուցում է, որ Հայաստանի ինքնիշխանության զիջումը հանուն դրսի անվտանգության երաշխիքների ձախողված ճանապարհ է: Զիջելով մեր անկախությունը՝ մենք երբեք չենք ստացել անվտանգության իրական և տևական երաշխիք: Եվ հակառակը՝ միայն հայ ժողովորդի սեփական ուժերի և ինքնակազմակերպման վրա հիմնված ջանքն է ի զորու եղել ապահովել մեր անվտանգությունը:
Սրա անհերքելի ապացույցներն են 1988-1991 թթ.-ի դեպքերը, և դրանից էլ առաջ հայ ժողովորդի վերջին 200 տարվա ողջ պատմությունը:
Սրա ապացույցն է նաև 2020 թ.-ի պատերազմը և դրան հետևած շրջանը, երբ հայ ժողովորդին տրված անվտանգության արտաքին որևէ երաշխիք չգործեց՝ չնայած դրա դիմաց ևս զիջել էինք մեր ինքնիշխանության մի մասը:
– Պատմական փորձը ցույց է տալիս նաև, որ Ռուսաստանի գլխավորած միություններում հայ ժողովրդին վերապահված է մեկ դեր՝ վերևից սեղմվող կոճակով մե՛րթ լինել հակաթուրքական քաղաքականության գործիք, մե՛րթ էլ նույն կոճակի սեղմամբ՝ «հաշտվել» թուրքերի հետ: Այս առումով բոլոր նրանք, ովքեր մի կողմից պայքարում են այսպես կոչված «հայդատականության» դեմ, մյուս կողմից էլ կողմնակից են Միութենական պետության՝ կեղծում են իրենց դիրքորոշումը:
– Այսօրվա միջազգային զարգացումների, հատկապես ուկրաինական պատերազմի համատեքստում՝ Միութենական պետության մեջ մտնելը Ռուսաստանի հետ ավելի քան խնդրահարույց ու անկանխատեսելի հետևանքների կարող է բերել, որոնց մարսելու նեուժը հայ ժողովուրդը կարող է չունենալ:
– Հայաստանի ինքնիշխանության հերթական սահմանափակումը հանուն Միութենական պետության կամ նման որևէ այլ ձևաչափի բացի ամենից նշանակում է մեզ համար սովորական դարձած և հայ ժողովորդի տևական պայքարով ստեղծված ժողովորդավարական կարգերի և մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակում, իսկ հեռանկարում՝ վերացում:
3. «Մարտական եղբայրությունը» կոչ է անում բոլոր հանրային ուժերին, անհատներին, խմբերին՝ մի կողմ թողնել բոլոր անցողիկ օրակարգերը, թոթափել հանցավոր անհոգությունը, և մեկտեղել բոլոր ջանքերը՝ միտքը, խոսքը և գործը Հայաստանի անկախության պաշտպանության պայքարի շուրջ:
Այս պայքարում պետք է միավորվեն ազգայնականը՝ ում համար ամենից վեր ու թանկ է Հայաստանի անկախությունն ու հայկական ինքնությունը, ազատականը՝ ում համար թանկ են մարդու իրավունքներն ու ազատությունները, սոցիալիստը՝ ում համար թանկ է սոցիալական արդարությունն ու համերաշխությունը:
4. «Մարտական եղբայրությունը» կոչ է անում 2020 թվականի պատերազմի բոլոր այն մասնակիցներին, ովքեր ոչ թե պարտադրանքով, այլ համոզմունքով հայտնվել են ճակատում, և պատվով կռվել իրենց կռիվն ու պատվով վերադարձել՝ ինքնակազմակերպվել, կազմել գաղափարական և մարտական խմբեր Հայաստանով մեկ՝ ամեն օր պատրաստվելով պայքարի հանուն Հայաստանի անկախության և անվտանգության՝ բոլոր ճակատներում և բոլոր միջոցներով՝ սկսած մտավոր ու գաղափարականից մինչև ռազմական:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ