Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի առցանց նիստի ընթացքում
Փետրվարի 24-25-ը մեկնարկել է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը:
ԵԱՀԿ ԽՎ քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի առցանց նիստին մասնակցել եւ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը՝ նշելով.
«Այս օրերին բոլորս խորապես մտահոգված ենք Ուկրաինայի զարգացումներով: Մենք մեծ հույս ունենք, որ քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով շուտով իրավիճակը կկարգավորվի:
Կարդացեք նաև
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, չնայած բազմաթիվ անհաջողություններին եւ մարտահրավերներին, շարունակում է մնալ երկխոսության եւ քաղաքական բանավեճի կարեւոր հարթակ:
Մենք շարունակում ենք մնալ մեր համոզմունքին, որ ժողովրդավարական հասարակություններում խորհրդարանականները ներկայացնում են իրենց ընտրողների շահերն ու կամքը` պայմանով, որ նրանք ընտրվել են ազատ եւ արդար ընտրությունների միջոցով:
Հավատարիմ լինելով ժողովրդավարությանը եւ դրա մշակույթի ամրապնդմանը Հայաստանում, մենք հանձնառություն ենք ստացել բացել խաղաղության դարաշրջան մեր տարածաշրջանում` Հարավային Կովկասում: Հենց այսօր տեղի ունեցավ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը` ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը` վերահաստատելով գործընթացը առանց նախապայմանների շարունակելու իրենց համաձայնությունը:
Մենք հավատում ենք, որ վստահության միջոցով կարող ենք փոխըմբռնման հիմքեր ստեղծել, եւ այդ վստահությունը ստեղծելու համար մեր խոսքերն ու գործողությունները պետք է համապատասխանեն միմյանց:
Սակայն, մինչ Ադրբեջանը խոսում է «Խոջալիի ցեղասպանության» մասին, երեք օրից կլրանա Բաքվում եւ Սումգայիթում կատարված ցեղասպանությունների տարելիցը: Մինչ Ադրբեջանը խոսում է կառուցողական լինելու մասին, միեւնույն ժամանակ անում է հակառակը՝ աշխարհին բացահայտ ուղերձ հղելով, որ հակամարտությունները լուծելու համար ուժի կիրառումը պետք է ընդունելի լինի, որ 2020 թվականի աշնանը ԼՂ-ի վրա հարձակումը լուծեց հակամարտությունը: Մինչդեռ միջազգային հանրությունը ԵԱՀԿ ԽՎ-ի միջոցով անընդհատ կրկնում է, որ հակամարտությունն ավարտված չէ, եւ կայուն լուծումը պետք է հնարավոր լինի միայն ԵԱՀԿ ԽՎ հովանու ներքո քաղաքական երկխոսության միջոցով: Ավելին, վստահություն ստեղծելու ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական գերիների անօրինական կալանավորումը:
Հարգելի գործընկերներ, ցավոք, ԵԱՀԿ-ի անվտանգության ճարտարապետությունը լրջորեն խարխլվեց 2020 թվականի աշնանը, երբ մենք չկարողացանք արդյունավետ արձագանքել հակամարտությունը լուծելու համար Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը:
Մենք կրկին անգամ լիահույս ենք, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը շուտափույթ քաղաքական լուծում կստանա եւ, որ մեր խորհրդարանական երկխոսությունը նույնպես կխաղա իր դերը»:
ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ