Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Մեղրի բաժին փետրվարի 25-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչային տեղամասի թիվ 3 պոչամբարից պոչանքները բաց են թողնվել Արաքս գետ, որի հետեւանքով խախտվել է վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութեր եւ թափոններ գործածելու, պահելու, տեղափոխելու, ոչնչացնելու, դրանց գործունեության անվտանգության եւ այլ կանոնները։ Արդյունքում` շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս:
Սյունիքի մարզի քննչական վարչությունում փետրվարի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 284 հոդվածի 1-ին մասի (վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործին միացվել է այս նոր գործը։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Մեղրի համայնքի «Փլավդաղ» կոչվող տեղանքում գտնվող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող պոչամբարում, կոմբինատի շահագործման հետեւանքով գոյացած քիմիական նյութեր պարունակող կուտակված կեղտաջրերը հեղեղատար խողովակով լցվել էին Արաքս գետը՝ էական վնաս հասցնելով գետի եւ դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհին։
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը հերքել էր՝ նշելով, որ ո՛չ կոմբինատի պոչամբարում, ո՛չ այլ արտադրական տեղամասում վթարներ չեն եղել։ Ավելին, ըստ պարզաբանման՝ կոմբինատում գործում է փակ ջրի ցիկլ. պոչամբարից մաքրված ջուրը լրացուցիչ մաքրման համար մտնում է ջրի նստեցման պարզարաններ, որից հետո պոմպակայանների համակարգի միջոցով տրվում է հարստացման ֆաբրիկա:
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ