Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց այդ փաստաթղթի ստորագրման էլ՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ փաստացի դաշնակցային հարաբերություններ էին՝ առնվազն մի տարի»․ «Առերեսում»

Փետրվար 26,2022 23:00

Փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրվեց դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, ըստ որի՝ կողմերը զարգացնում են երկկողմ ռազմաքաղաքական գործակցությունը և խորացնում գործակցությունը երկու երկրների զինված ուժերի միջև՝ ժամանակակից սպառազինության և ռազմատեխնիկայի հագեցմամբ։ Դրույթներից են նաեւ՝ «…պայքարել էքստրեմիզմի և անջատողականության դեմ…»․ «Կողմերը զերծ են մնում ցանկացած գործողությունից, այդ թվում երրորդ երկրի միջոցով, ուղղված միմյանց դեմ» եւ այլն։

«Առավոտի» տաղավարում «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը՝ «Ազատ քաղաքացի» հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը եւ վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը զրուցել են այս նոր ռազմավարական բարեկամության, ու նաեւ, թե ռուս-ուկրաինական պատերազմն ի՞նչ մարտահրավերներ է պարունակում Հայաստանի համար։

Զրույցից առանձնացրել ենք երկու հատված

Հայաստանի կառավարությունը պե՞տք է միջոցառումներ մշակի՝ ինչպես նվազեցնել ՌԴ դեմ պատժամիջոցների ազդեցությունը մեր տնտեսության վրա

Հովսեփ Խուրշուդյան․ Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները ռազմավարություն չունեն դիվերսիֆիկացնելու մեր արտաքին տնտեսական հարաբերությունները, քանի որ շատ վտանգավոր է Ռուսաստանից կախված մնալը՝ առեւտրաշրջանառության տեսակետից։ Թե պատժամիջոցների պարագայում, երբ Ռուսաստանը կտրուկ կթուլանա, ինչ որ խնդիրներ կառաջանան, այնտեղից տրանսֆերտները հոսքը նվազի՝ մեծ հարվածների տակ չընկնենք։ Եվ թե այլ տեսակետից, քանի որ Ռուսաստանը կարող է եւ չթուլանալով՝ այդ նույն խնդիրները Հայաստանի առջեւ դնել՝ ուղղակի ճնշում գործադրելու համար մեր երկրի վրա, եթե Հայաստանը հանկարծ համարձակվեր սեփական շահերը պաշտպանել ավելի հետեւողական․․․

Արմեն Բաղդասարյան․ Հայաստանը ցանկանա էլ՝ չի կարող դիմակայել այդ պատժամիջոցների ազդեցությանը, ոչ էլ կարող է Վրաստանի նման հայտարարել, թե չեմ միանալու․․․ Ինչու՝ քանի որ Հայաստանը ԵՏՄ անդամ է եւ Մաքսային միության անդամ է․․․ Պատժամիջոցների ազդեցությունը մեղմացնել նույնպես չի կարող, եթե անգամ ցանկանա։

Հավատա՞լ, որ Մոսկվայի և Բաքվի հռչակագիրը որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար

Արմեն Բաղդասարյան․ Ստորագրված փաստաթղթին ես այդքան մեծ ուշադրություն չէի դարձնի, որովհետեւ առանց այդ փաստաթղթի ստորագրման էլ՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ փաստացի դաշնակցային հարաբերություններ էին՝ առնվազն մի տարի, եւ նույնիսկ ավելին։ Ամեն դեպքում՝ Ռուսաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ժամանակակից զենք է մատակարարել եւ այլն․․․

… Մենք գործ ունենք ոչ թե ռուս–ադրբեջանական, այլ ՌԴ–Ադրբեջան–Թուրքիա եռանկյունու հետ, եւ մեզ հավատացնել, որ դա Հայաստանի դեմ չի ուղղված՝ մի քիչ դժվար կլինի․․․ Եթե մեր դեմ չի ուղղված՝ ո՞ւմ դեմ է ուղղված այդ համաձայնագիրը։ Տեսականորեն՝ կա մի տարբերակ․ մնում է Իրանը, քանի որ Վրաստանը հազիվ թե հարձակվի․․․ Իսկ Իրանը տեսականորեն կարող է միջամտել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը փորձի գրավել Սյունիքը։ Իրանը հայտարարել է, որ դա թույլ չի տա։ Հիմա այդ համաձայնագիրը նշանակում է, որ եթե հանկարծ Ադրբեջանն այդ ուղղությամբ ռազմական գործողություններ սկսի եւ Իրանը փորձի միջամտել՝ Ռուսաստանը պարտավորված կլինի դա թույլ չտալ։

Հովսեփ Խուրշուդյան․ Եթե մենք մտածեինք, որ Ռուսաստանի համար իրոք էական որեւէ նշանակություն ունեն փաստաթղթերը, որոնք ինքը ստորագրում է՝ ես կասեի՝ այո (Հռչակագրի հոդված 11–ի համաձայն՝ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն զսպում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։ Եվ պրն Խուրշուդյանն այսպես արձագանքեց հարցին, թե արդյոք այս դրույթի համաձայն՝ Ադրբեջանը, օրինակ, կարո՞ղ է պահանջել Մոսկվայից կազմալուծել ներկայիս Արցախի պետական կառավարման մարմինները, քանզի այդ կառույցները խաթարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․-Ա․ Ի․): Բայց այստեղ պետք է համաձայնեմ պրն Բաղդասարյանի հետ, որ այդ թղթերը հատկապես Ռուսաստանի համար երկրորդական–երրորդական նշանակություն ունեն։ Դրանք ավելի շատ գործիք են դիմացի կողմի դեմ օգտագործելու համար։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28