Տավուշի մարզի Դիտավան գյուղում կբացվի ՀՀ-ում առաջին հյուրատունը, որը պատկանում է համայնքին։
Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Դիտավանի վարչական ղեկավար՝ Հակոբ Սարիբեկյանը։ Վերակառուցվել և նոր շունչ է ստացել գյուղի՝ 1950-ական թվականներին կառուցված շինությունը, որը նախկինում ծառայել է որպես պահեստ և գյուղական ակումբ։
Գաղափարն իրականություն է դարձել «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» և «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը․ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրերի շրջանակներում, որոնք ֆինանսավորվում են ՌԴ-ի, իրականացվում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ ՏԿԵՆ-ի հետ համատեղ։ Հակոբ Սարիբեկյանի խոսքով, զբոսաշրջությունը զարգացման նոր ուղղություն է դիտավանցիների համար։
Կարդացեք նաև
Հյուրատունը կստեղծի ինչպես նոր աշխատատեղերի, այնպես էլ տեղական մթերքի գնման հնարավորություն։ Զբոսաշրջիկներին գրավելու համար գյուղն ունի հարուստ բնություն։ Դիտավանից 1,5 կմ հեռավորության վրա, դեպի հարավ-արևելք՝ գտնվում է «Ճգնավորի քար» կոչվող բարձունքը, որը կուրախացնի էքստրեմալ տուրիզմի սիրահարներին։
Հակոբ Սարիբեկյանը նշեց, որ քննարկում են հյուրատունը շահագործման հանձնելու հնարավորությունը որևէ ընկերության՝ մրցույթային պայմաններով։ Նախատեսվում է, որ շահագործող ընկերությունը համայնքի համար կկատարի շրջանառությունից գոյացած մասհանում։ Վերջինս կօգտագործվի գյուղի որոշակի խնդիրներ լուծելու համար։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ