Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Բաղրյանը կանգնած է եղել Արցախի հեռուստատեսության ստեղծման ակունքներում․ Արայիկ Հարությունյան

Փետրվար 26,2022 17:55

Լրագրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ  Վարդգես Բաղրյանի վաղաժամ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հեռագրում ասված է.

«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա անվանի լրագրող, հրապարակախոս, ԼՂՀ տարբեր գումարումների Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանի վաղաժամ մահվան մասին։

Վարդգես Բաղրյանը կանգնած է եղել Արցախի հեռուստատեսության ստեղծման ակունքներում, իր անձնուրաց ու արհեստավարժ գործունեությամբ մեծապես նպաստել է  դրա կայացման ու զարգացման հայրենանվեր գործին։ Նրա բազմաթիվ հաղորդաշարերն ու ֆիլմերը, հրապարակումներն ու գրական ստեղծագործությունները դարձել են Արցախյան ազգային-ազատագրական շարժման և ազատամարտի տարեգրության անբաժանելի մաս՝ հավերժացնելով ինչպես իրենց հերոսների, այնպես էլ հեղինակի անունը։

Լինելով լրագրող թե պատգամավոր, զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ մեր նորանկախ հանրապետությունում՝ Վարդգես Բաղրյանը միշտ մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ ծառայել է իր հայրենիքին ու հարազատ ժողովրդին։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա գործընկերներին ու կուսակիցներին, մաղթում եմ բոլորին տոկունություն ու ոգու կորով»։

Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին 69 տարեկան հասակում կյանքից հեռացել է լրագրող, հրապարակախոս, Արցախի հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Բաղրյանը:

Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ:

Վարդգես Բաղրյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 27-ին, ժամը 16:00-ին՝ Ստեփանակերտի Այվազովսկու փողոցի 15 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 28-ին, ժամը 13:00-ին՝ նույն հասցեում:

****

Վարդգես Բաղրյանը ծնվել է 1952 թ. հուլիսի 16-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1969թ. ավարտել է Ստեփանակերտի հ. 2 միջնակարգ դպրոցը:

1973թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա» ֆակուլտետը:

1973-1974թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում:

1974-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1976-1988թթ.` ԼՂԻՄ ռադիոկոմիտեի լրագրող:

1988-1995թթ.` Արցախի հեռուստառադիոկոմիտեի նախագահի տեղակալ` հեռուստատեսության գծով:

1995-1998թթ.` ԼՂՀ հեռուստառադիովարչության պետ:

1998-1999թթ. ղեկավարել է Ստեփանակերտի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

1998թ. դեկտեմբերին ԼՂՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքում ընտրվել է խորհրդարանի պատգամավոր:  Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

1999-2005թթ.` ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2005-2007թթ.`  ԼՂՀ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն, 2007-2008թթ.՝ նույն հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:

2008թ. հունիս-նոյեմբեր` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար:

2008-2010թթ.` Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակի ղեկավար:

2010թ. մայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝  համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։

2010թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2015թ. մայիսի 3-ի  խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝  համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր:

Անդամակցել է Արցախի ժողովրդավարական կուսակցությանը:

2015–2020թթ.-ին ղեկավարել է Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցությունը։

Ունի երկու զավակ։

ԼՂՀ ժուռնալիստների և գրողների միությունների անդամ էր:

Մի շարք հեռուստաֆիլմերի և գրքերի  հեղինակ է:

ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի դափնեկիր է:

2007թ.-ին արժանացել էր ԼՂՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչման:

2008թ.-ին պարգևատրվել էր «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

2020թ.-ից անցել էր վաստակած թոշակի։

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28