Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կա ռիսկ, որ ՌԴ-ն ՀՀ-ից կարող է պահանջել ճանաչել Դոնեցկն ու Լուգանսկը»․ Հրանտ Միքայելյան

Փետրվար 26,2022 16:15

«Անմիջական ազդեցություն չկա, բայց ձեւափոխումներ հնարավոր են այստեղ՝ այն իմաստով, որ եթե, օրինակ, ՌԴ-ն պարտվի կամ ունենա անհաջողություններ, դրանից կարող են օգտվել Թուրքիան եւ Ադրբեջանը՝ համարելով, որ հարմար ժամանակն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ի ռազմական ներխուժումն Ուկրաինա ինչպիսի՞ ձեւափոխումներ է ենթադրում տարածաշրջանում եւ ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող են դրանք ունենալ ՀՀ-ի եւ Արցախի վրա՝ ուղղակի եւ ոչ ուղղակի կերպով։

Մեր զրուցակցի խոսքով․ «Այդպիսով Ադրբեջանն ու Թուրքիան ռուսական ռազմական ներկայությունն Արցախում եւ ՀՀ-ում այլեւս չեն համարի խոչընդոտ։ Նման վիճակ կարող է ստեղծվել, չնայած չգիտենք, թե ինչպես կավարտվի։ Ամեն դեպքում կարծում եմ, որ Բաքվում շատ ուշադիր հետեւում են Ռուսաստանի այս ռազմական օպերացիային։ Երկրորդ, եթե Ռուսաստանը հաղթի, ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունում ավելի սահմանափակված է լինելու․ Արեւմուտքի հետ հարաբերություններն էապես կսահմանափակվեն, թեեւ այդ միտումը վաղուց կար, պարզապես ոչ լիարժեք է գնահատվել ՀՀ իշխանության կողմից։ Այսինքն, աշխարհաքաղաքական ազդեցություն ամեն դեպքում լինելու է»։

Բացի վերոնշյալից, ըստ Հրանտ Միքայելյանի, աշխարհը շատ արագ բաժանվում  է ճամբարների, եւ Հայաստանը հայտնվում է որեւէ ճամբարում, անգամ եթե չի ուզում․ «Նման հնարավորություն Հայաստանը չի ունենա։ Նման ազդեցություն է լինելու։ Իսկ տնտեսական ազդեցության մասին խոսելը դեռ շուտ է, պետք է պատկերն ամբողջական պարզ լինի։ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները նկատի ունեմ։ Բացի այդ, առհասարակ, մենք չգիտենք, թե վերջնարդյունքում ինչ պատժամիջոցներ են կիրառվելու եւ թե Ռուսաստանը որքանով է պատրաստ դրանց, թե որքանով է ՌԴ տնտեսությունը լինելու խոցելի այդ սահմանափակումների հանդեպ։ Ուստի տեսական գնահատականներ հնչեցնելը հիմա սխալ է, դրանք կարող են տարբերվել իրականությունից»։

Հետաքրքրվեցինք նաեւ՝ կա՞ն հիմքեր պնդելու, որ ՌԴ-ն ՀՀ-ից կպահանջի ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը․ այս իրավիճակում որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանը միաժամանակ ճանաչի նաեւ Արցախի  անկախությունը։ Հրանտ Միքայելյանը պատասխանեց․ «Եթե մինչեւ այս պատերազմի սկիզբը ես համոզված էի, որ ՌԴ-ն ՀՀ-ից չի պահանջի ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները (ՀՀ-ի շահերից չի բխում այդ իրադարձություններում դիրքորոշման արտահայտումը), ապա հիմա համոզված լինել չենք կարող։ Կա ռիսկ, որ ՀՀ-ից կարող է դա պահանջվել, եւ բացառված չէ, որ ՀՀ-ն ստիպված է լինելու դա անել՝ չնայած որեւէ դեպքում ՀՀ-ի լավագույն շահերից է բխում այս իրադարձություններում որեւէ դիրքորոշում չունենալը։ Կոպիտ ասած՝ սա մեր պատերազմը չէ։ Ինչ վերաբերում է Արցախին, ցավոք, այս պահին ձեր ասածն իրատեսական չէ։ Մենք այդ հնարավորությունն ունեինք 2000-ականներին, 2016-ին,  2020-ին․ բայց հիմա եթե ճանաչվի Արցախի անկախությունը, Ադրբեջանը սկսելու է ռազմական ճնշումը, ինչին հակազդելու միջոց ՀՀ-ն չունի եւ չի ձեռնարկում։ Այսպիսով, կարող է ստեղծվել պարադոքսալ իրավիճակ, երբ ՀՀ-ն ճանաչի Լուգանսկը եւ Դոնեցկը, բայց չճանաչի Արցախը։ Հուսամ՝ նման կերպ չի լինի, բայց բացառել հնարավոր չէ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28