Փետրվարի 25-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Ռոստ» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս, դաշնակցական Հակոբ Ռոստոմյանին:
Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել հերոսի հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՀՅԴ բյուրոյի և Կենտրոնական կոմիտեի անդամներ, մտավորականներ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության անդամներ՝ ի դեմս նախագահ Գրիգոր Գրիգորյանի, Ազգային ժողովի պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, հերոսածին մայրեր, հյուրեր:
Կարդացեք նաև
Հակոբ Ռոստոմյանը հինգ տարի ծառայել է Մարտակերտի N զորամասում՝ որպես ավագ լեյտենանտ: Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է մարտադաշտ: Հերոսաբար կռվել է հանուն հայրենիքի և զոհվել հոկտեմբերի 6-ին: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով:
«Ռոստը» «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի 30-րդ ֆիլմն է:
Սպայական ծառայության հինգ երկար տարիների ընթացքում մարտական բոլոր իրավիճակներում էլ դաշնակցական հայորդին ոչ մի անգամ չի դժգոհել, որ զինվորական դառնալու վճիռ է կայացրել և խրամատների անվերջ ակոսներում էր մաշել ջահել տարիների կյանքը:
Հրամանատար էր ու ընկեր, ուսուցիչ և զինակից: Երևանից գրքեր էր տանում, հատկապես՝ պատմավեպեր, և զինվորներին հորդորում էր կարդալ: Նա այդպիսինն էր՝ դաշնակցական երդումի պես խրոխտ ու նվիրական»,- մեզ հետ զրույցում ասաց ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության կողմից Հակոբ Ռոստոմյանը հետմահու արժանացել է շքանշանի:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆԻ