Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հայկական ծագմամբ առաջին մարդն եմ իմ ընտանիքում, որ այցելում է Հայաստան». Ռեմի Փանոսյան

Փետրվար 26,2022 14:10

Ռեմի Փանոսյանի ջազ տրիոն բացառիկ համերգներով հանդես կգա Երևանում: Ջազ տրիոյի համերգները ներկայացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը՝ Ջազի հայկական ասոցիացիայի  Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ:Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղյանը այդ առիթով կայացած ասուլիսում նշեց, որ ուրախ են հյուրընկալել Ռեմի Փանոսյանի ջազ տրիոյին, հավելեց, որ 2022 թթ Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանան բազմաթիվ այլ համերգներ՝ կհնչի հիմնականում դասական, ջազ եւ ժողովրդական երաժշտություն:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն նշեց, որ դեսպանության եւ առհասարակ ֆրանսիական մշակույթի մեջ այս համերգը նշանավոր իրադարձություն է լինելու: «Գիտեմ, որ ջազն այստեղ շատ գնահատված եւ արժեւորված ժանր է, եւ այս ոլորտում շատ հայտնի երաժիշտներ կան, եւ պետք է ցույց տալ նաեւ ֆրանսիական մշակույթը: Այս առիթով էլ հրավիրել ենք Ռեմի Փանոսյան տրիոյին: Չնայած տրիոյի եւ անդամների երիտասարդ լինելուն, տրիոն հարուստ փորձ ունի»,- ասաց դեսպանը:

Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի անդամներին որակեց նորարար եւ մի քիչ խենթ. «Տրիոն ձեզ հրավիրում է մի անծանոթ եւ խենթ իրականություն, իսկ ես վստահ եմ, որ հայ հանրությունը շատ կգնահատի իրենց երաժշտությունը»:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական մշակույթի նկատմամբ ուշադրության համար, հիշեցրեց նաեւ մարտին մեկնարկող Ֆրանկոֆոնիայի օրերի մասին, որոնք կսկսվեն ֆրանսիական կինոյի ցուցադրությամբ:

Ռեմի Փանոսյանը նշեց, որ  ուրախ են վերջապես Հայաստան այցելելու համար: «Ճիշտ է, մեր տրիոն աշխարհի  տարբեր երկրներում ելույթներ է ունեցել եւ ճամփորդել, բայց Հայաստանը մեր տրիոյի առանձին անհատների համար շատ խորհրդանշական երկիր է: Մի քանի տարի է, ինչ ուզում եմ Հայաստան գալ եւ շատ ուրախ եմ, որ այս առիթն ինձ ընձեռվեց նաեւ այն բանի շնորհիվ, որ տիկին դեսպանը մեզ նախկինում լսել էր: Ինձ համար կարեւոր է Հայաստան այցելելը, որովհետեւ իմ ընտանիքում ես հայկական ծագմամբ առաջին մարդն եմ, որ այցելում է Հայաստան: Ցավոք, հայրս չի եղել Հայաստանում,միայն մեծ պապս, որ մի քանի տարի առաջ մահացավ, գիտեր Հայաստանի մասին: Շատ ուրախ եմ, որ կարող եմ իմ երաժշտությունը ներկայացնել հայ հանրությանը, բացի դրանից առիթը օգտագործելու եմ, որպեսզի Հայաստանի պատմությանն ու մշակույթին հնարավորինս շատ ծանոթանամ: Հենց այսօր կայցելեմ Գառնի, որ ինֆորմացիայի մի ամբողջ պաշար հավաքեմ՝ դստերս ու ընտանիքիս մյուս անդամներին փոխանցելու համար»:

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը կայանալիք համերգը որակեց հետաքրքիր, ասաց, որ ինտելեկտուալ երաժշտություն է հնչելու: Ընդգծեց, որ նման երաժշտություն մեր հայրենակից Ռեմի Փանոսյանը Հայաստանում ներկայացնում է առաջին, բայց ոչ վերջին անգամ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ռեմի Փանոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28