Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀ-ն ուզում է, որ Արեւմուտքն օգնի, ինքը պետք է լինի Արեւմուտքի, ոչ թե Արեւմուտքի թշնամու դաշնակիցը»․ Արա Պապյան

Փետրվար 26,2022 13:45

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրել էր․ «1920-ին Արեւմուտքը որեւէ զինվոր չուղարկեց պաշտպանելու Հայաստանը, չնայած խոստում է, որ տալիս էր։ Արդյունքում թուրքերը մտան Ալեքսանդրապոլ։ 2008-ին ՆԱՏՕ-ն որեւէ օգնություն չցուցաբերեց Վրաստանին: Արդյունքում Վրաստանը կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։ Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ն ուկրաինացիների գլխի տակ «փափուկ բարձ» դրեց, իսկ այսօր «ձեռքերը լվացել» է։ «Փուռը տալը»՝ Արեւմուտքի փեշակն է դարձել։ Արեւմտամետության ջատագովներ, իսկ ու՞ր էր Արեւմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։ «Ուր»-ը չգիտեմ, բայց լուռ էր հաստատ»։

Այս առիթով Aravоt.am-ը մեկնաբանություն խնդրեց քաղաքագետ, «Ազգային-ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Արա Պապյանից։

Արա Պապյանը պատասխանեց․ «Արեւմուտքը լուռ էր, որովհետեւ օգնում էր իր դաշնակիցներին։ Հայաստանը չի հանդիսանում Արեւմուտքի դաշնակիցը, այլ հանդիսանում է Արեւմուտքի թշնամու՝ Ռուսաստանի դաշնակիցը։ Հետեւաբար, խիստ տարօրինակ կլիներ, որ թշնամուն օգնեին։ Եթե Հայաստանն ուզում է, որ Արեւմուտքն իրեն օգնի, ինքը պետք է լինի Արեւմուտքի, ոչ թե Արեւմուտքի թշնամու դաշնակիցը։

Ի՞նչ է նշանակում ձեռքերը լվացել է։ Արեւմուտքը բացարձակ եւ լայնածավալ աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, եւ, բացառությամբ զինվորի, տալիս է ամեն ինչ՝ զենք, զինամթերք, փող, դիվանագիտական աջակցություն, հետախուզական տվյալներ, պատժամիջոցներ ՌԴ-ի դեմ՝ այն դեպքում, երբ Ուկրաինայի եւ Արեւմուտքի միջեւ չկա ստորագրված որեւէ փաստաթուղթ, Արեւմուտքը որեւէ պարտավորություն չունի ստանձնած Ուկրաինայի հանդեպ, պարզապես չի ուզում Ուկրաինային միայնակ թողնել ագրեսորի դեմ, այդ պատճառով օգնում է, ընդ որում՝ օգնության մեծ մասն անհատույց է։

Ինչ վերաբերում է Աբխազիային եւ Օսեթիային, ապա այո, Արեւմուտքն այսօր  իր գլխին է տալիս, որ այն ժամանակ չպատժեց ագրեսոր ՌԴ-ն, մտածեց, որ Ռուսաստանի հետ կարող է լեզու գտնել, բացատրել, իսկ հիմա հասկացավ, որ ՌԴ-ին բացատրել չի լինում։ Ռուսաստանը բացի ուժից ոչ մի այլ բան չի հասկանում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28