Ուկրաինայի դեմ պուտինյան Ռուսաստանի ագրեսիան այդ մեռնող կայսրության վերջին ջղաձգումն է։
Պուտինը ցանկանում է նախկին սահմաններով վերականգնել Ռուսական կայսրությունը։
Դա մի ծրագիր է, որն իրագործելու դեպքում չեն լինելու նույնիսկ նախկին խորհրդային հանրապետությունների նման ազգային-վարչական ինքնավարություններ, այլ լինելու են կամայական կերպով գծված նահանգներ (գուբերնիաներ), ինչի հետևանքով ազգերը կմասնատվեն ու կձուլվեն, իսկ նրանց հայրենիքները կդառնան կայսրության տարածքներ։
Իր նպատակին հասնելու համար Ռուսաստանը, ոտնահարելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը, դիմում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի` փորձելով հաստատել ուժեղի իրավունք։
Կարդացեք նաև
Հայության համար սա վերջնական հայրենազրկման ու վերացման ծրագիր է։
Ռուսաստանը որպես ոչնչացման ու կլանման գլխավոր թիրախ ընտրել է Ուկրաինային, որից հետո կլինեն մյուսները, այդ թվում` Հայաստանը։
Ռուսաստանը Ուկրաինայի, Հայաստանի և վերագաղութացման ենթակա մյուս նախկին խորհրդային հանրապետությունների համար ագրեսոր և գաղութարար է։
Այս պատճառով, անկախ միմյանց միջև հարաբերություններից, Ռուսաստանի նկատմամբ որևէ նախկին խորհրդային հանրապետության դիմադրությունը բխում է մյուս բոլորի շահերից։
Ուստի ողջունում ենք Ուկրաինայի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը` որպես նույն ճակատագիրը և Ռուսաստանից ազատագրման նույն գերխնդիրն ունեցող հայ ժողովրդի ներկայացուցիչներ։
Ուկրաինան, մարտնչելով իր անկախության համար, ըստ էության մարտնչում է նաև Հայաստանի անկախության համար։
Նկատի ունենանք, որ ազատագրման հրամայականին դեմ հանդիման հայտնված յուրաքանչյուր ժողովուրդ, այդ թվում` հայությունը և Հայաստանի բոլոր քաղաքացիները, կանգնում են հանուն ազատության պայքարելու կամ կայսրությանը հանձնվելու երկընտրանքի առջև։
Մարդ մնալու և հայ մնալու ընտրություն է, որ ամեն մեկը պետք է անի ինքն իր համար։
Նկատի ունենանք նաև, որ Ռուսական կայսրության արտաքին հզորությունը խաբուսիկ է։
Կլինեն դժվարություններ, ցավալի կորուստներ, սակայն ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը և ներկայիս Ռուսաստանի համեմատությամբ մի քանի անգամ ավելի հզոր նախկին Խորհրդային Միությունը փլուզած կոլեկտիվ Արևմուտքը շատ կարճ ժամանակահատվածում կտապալեն պուտինյան Ռուսաստանին։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ