Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը քանիցս ապացուցել է, որ պատրաստ է ձեռնարկել իրական քայլեր տարածաշրջանում հարատեւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Էդուարդ Աղաջանյան

Փետրվար 26,2022 10:50

Էդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում

Տիկին նախագահ, հարգելի գործընկերներ,

բոլորս իսկապես մտահոգված ենք Ուկրաինայում ընթացող զարգացումներով, քանի որ ցանկացած պատերազմ ողբերգություն է՝ բազմաթիվ կորսված կյանքերով եւ զրկանքներով:

Նմանապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գլոբալ համավարակի պայմաններում սանձազերծված ագրեսիվ պատերազմն ունեցել է իր ողբերգական հետեւանքները եւ լրջորեն խաթարել է ԵԱՀԿ-ի վստահելիությունը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունը ստորագրելուց ավելի քան մեկ տարի անց խաղաղության հեռանկարները դեռեւս անորոշ են մեր տարածաշրջանում: Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները, ինչն արտահայտվում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմամբ, պետական սահմանի երկայնքով շարունակական ռազմական սրացումներով եւ հրադադարի խախտումներով, հայ ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց մինչ այժմ շարունակվող ապօրինի կալանքով, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումով եւ յուրացումով: Այս ամենը չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի կողմից վստահության մթնոլորտ ստեղծելու պատրաստակամություն:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը քանիցս ապացուցել է, որ պատրաստ է ձեռնարկել իրական քայլեր տարածաշրջանում հարատեւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ այս նպատակին հասնելու համար կողմերն առաջինը պետք է կատարեն իրենց պարտականությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններում:

Ցավոք, ակնհայտ հակասություն կա Ադրբեջանի հայտարարած խաղաղ գոյակցության մասին մտադրության եւ իրական գործողությունների միջեւ: Ադրբեջանը շարունակաբար կեղծում կամ խեղաթյուրում է եռակողմ համաձայնագրերի դրույթները, երբեմն նույնիսկ հանդուգն կերպով հորինում նորերը, որոնք աղերս չունեն այս փաստաթղթերի բովանդակության կամ ոգու հետ: Նմանօրինակ մտացածին դրույթներից մեկն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է», որը հնարավոր չէ գտնել երեք եռակողմ հայտարարություններից եւ ոչ մեկում, եւ ինչն ուղիղ սպառնալիքի դրսեւորում է եւ ահաբեկչություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ:

Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակը Ադրբեջանի կողմից «Հելսինկիի եզրափակիչ ակտի» մի քանի առանցքային սկզբունքների բացահայտ խախտման արդյունք է, որոնց թվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա, թե ուժի կիրառման արդյունքները՝ պատերազմական հանցագործություններով եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներով, կարող են երբեւէ երկարատեւ եւ կայուն խաղաղության համար հիմք դառնալ: Տարածաշրջանում այսպիսի խաղաղության հնարավոր է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Շնորհակալություն:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28