ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ Մարիա Կարապետյանն անդրադարձել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ռիչիին իր ելույթի եւ հատկապես երկրների կողմից ընդունվող օրենսդրական նախաձեռնությունների օրինակների համար: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ կոնգրեսական Քրիս Սմիթին՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում իր անխոնջ հետեւողական աշխատանքի համար:
Կցանկանայի հակիրճ ներկայացնել, թե ինչ կոնկրետ քայլ է արել Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման եւ թրաֆիքինգի զոհերին ծառայություններ մատուցելու ոլորտում: Իմ կարծիքով՝ վերջին երկու տարիների ամենակարեւոր փոփոխությունը եղել է մարդկանց թրաֆիքինգի, շահագործման եւ սեռական բռնության զոհերի վերականգնողական ծրագրի պետական բյուջեի կրկնապատկումը: Ծրագիրը ներառում է թեժ գծեր, ապաստարաններ, բժշկական օգնություն, իրավաբանական ծառայություններ, հոգեբանական եւ խորհրդատվական օգնություն, հիմնական կրթություն:
Կցանկանայի նաեւ կիսվել 2021 թվականի մեր ունեցած տվյալներով՝ Հայաստանի իրավիճակին հնարավորինս հաղորդակից դարձնելու համար: 2021 թվականին մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման վերաբերյալ արձանագրվել է 31 դեպք, որոնցից 6-ը եղել են տղամարդիկ, իսկ 25-ը՝ կանայք: Դեպքերից 24-ը եղել են սեռական շահագործման, իսկ 7-ը՝ աշխատանքային շահագործման դեպքեր: Տուժածները ստացել են համապատասխան աջակցություն:
Կարդացեք նաև
Հայաստանը շարունակելու է բարելավել օրենսդրությունն ու կառույցները՝ մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման, վերականգնողական ավելի բարձրորակ ծառայություններ մատուցելու եւ մարդկանց թրաֆիքինգի դադարեցման գլոբալ ջանքերին նպաստելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ