Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ «Հույսը դնելով Արևմուտքի վրա՝ Ուկրաինան չսերտեց այն ամենի դասերը, ինչը կատարվում էր պոստսովետական տարածքում»․ «Փաստ»

Փետրվար 26,2022 10:20

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես եկավ հերթական ուղերձով՝ հայտարարելով, որ Ուկրաինան մենակ է մնացել, և աշխարհը շարունակում է այս ամենին հեռվից հետևել: Վերլուծելով իրավիճակը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի իրողության մասին է մատնանշել:

«Մենք, մեծ հաշվով, տեսնում ենք այն, ինչ 1920 թվականին տեղի ունեցավ Հայաստանի հետ, 2008-ին՝ Վրաստանի հետ: Այսինքն, պայմանականորեն ասած, անգլիական նավերը ինչպես չեն գա հայկական լեռներ, այնպես էլ չեն գա ուկրաինական դաշտեր: Իսկ եթե ավելի կիրառական ու քաղաքական տեսանկյունից դիտարկենք, ապա պետք է նշենք հետևյալը. Արևմուտքը պատրաստ է ֆինանսական աջակցություն տալ այս կամ այն երկրին՝ որպես հենակետ՝ Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Արևմուտքը պատրաստ է այդ միջոցով օգտագործել այդ երկրներին, պատրաստ է մասնագետների պատրաստել, ուղարկել՝ ի շահ ԱՄՆ-ի կամ կոլեկտիվ Արևմուտքի: Բայց երբ հերթը հասնում է ռազմական գործողություններին, ինչպես 1920-ին, 2008-ին, Արևմուտքն այժմ ևս, կներեք բառի համար, «գցում» է իր, այսպես կոչված, գործընկերներին»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նշվածի վառ օրինակը տեսնում ենք Զելենսկու պարագայում:

Նրա խոսքով՝ այստեղ այլ խնդիր ևս կա: «Արևմուտքը՝ դեռ մի կողմ: Պետք է դիտարկել վերջին 8-9 ամիսների ընթացքում Ռուսաստանի կողմից ուղարկված մեսիջները: ՌԴ նախագահը, նաև Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իրենց ծավալուն հոդվածներում գրեթե բաց տեքստով ասում էին, որ եթե Ուկրաինան «հակառուսական» պրոյեկտ է, ապա Ռուսաստանի համար էքսզիստենցիալ վտանգ է ներկայացնելու: Նշում էին, որ այդ փաստի հետ իրենք չեն կարող համակերպվել: Նաև լուծումներ էին առաջարկում, որ Ուկրաինան, ըստ իր Սահմանադրության, չեզոք կարգավիճակով հաստատվեր, հրաժարվեր շարժվել դեպի ՆԱՏՕ և այլն: Մեծ հաշվով, առաջարկվում էին լուծումներ թե՛ գլոբալ առումով, թե՛ կապված Դոնեցկի և Լուգանսկի ճակատագրի հետ, և հղում էին անում Մինսկի փաստաթղթին: Բայց Զելենսկին երևի անգլիական տանկերին կամ անգլիական նավերին էր սպասում, իսկ անգլիական նավատորմը երբեք Անգլիայից բացի որևէ մեկին չի պաշտպանի: Նույնն էլ վերաբերում է ԱՄՆ-ին»,- նկատեց մեր զրուցակիցը:

Նշված համատեքստում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի և Զելենսկու նմանությունների ու ընդհանրությունների վերաբերյալ արվող հրապարակումներին՝ քաղաքագետը շեշտեց. «Մենք պետք է նախ հասկանանք հետևյալը. հետխորհրդային տարածաշրջաններում տեղի ունեցած հեղափոխություններն արտաքին քաղաքական որոշակի օրակարգ են ձեռք բերում, որն ուղղված է լինում Ռուսաստանի դեմ: Եվ, ինչպես ցույց է տալիս փորձը, դրանք բոլորը ոչ միայն պատերազմի, այլև տարածքային կորուստների են հանգեցնում: Նույնը եղավ Ուկրաինայում դեռ 2014-ին, Վրաստանում՝ 2008-ին, նույնը եղավ նաև մեզ մոտ: Մեծ հաշվով՝ ժողովրդի էմոցիան գողանալն ու հրապարակում ոսկե սարեր խոստանալը մեկ բան է, մեկ այլ բան է ռեալ պոլիտիկի պարագայում հասկանալ, թե աշխարհաքաղաքական ինչ տարածաշրջանում ես, և ովքեր են քո խաղացողները: Այո, թե՛ Զելենսկու, թե՛ Փաշինյանի, թե՛ Սահակաշվիլիի միջև նմանությունները շատ են: Բայց, դրա հետ մեկտեղ, կուզենայի մեկ հանգամանքի վրա ուշադրություն սևեռել: Ինչպես արդեն նշեցինք, Զելենսկին հայտարարեց, որ իրենք մենակ են մնացել:

Անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ինչ էր տեղի ունենում 44-օրյա պատերազմի ընթացքում և ինչպես ավարտվեց այն, մենք բոլորս էլ ականատես եղանք, թե ինչպես էին մեզ օգնում թե՛ իրանական, թե՛ ռուսական կողմերը: Ռուսական կողմի հետ կապված՝ հստակ կարող ենք ասել զենքի մատակարարումների, ինչպես նաև ամեն գնով պատերազմը կանգնեցնելու նպատակով բանակցային գործընթացում ակտիվ ներգրավվածության մասին: Ճիշտ է՝ իր շահերից ելնելով, բայց Ռուսաստանն իրականացնում էր գործողություններ, որ իր ռազմավարական գործընկերը խայտառակ պարտություն չկրի: Իսկ Ուկրաինայի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է: Հույսը դնելով Արևմուտքի վրա՝ իրենք չսերտեցին այն ամենի դասերը, ինչը կատարվում էր պոստսովետական տարածքում»:

Քաղաքագետն այս համատեքստում շեշտեց, որ Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի օր է՝ նույն միտքն է կրկնում. «Ալիևի հետ խոսելիս ևս կրկնեց ու ասաց, որ իր համար էքսզիստենցիալ վտանգ տեսնելու դեպքում Ռուսաստանն այն ոչնչացնելու է, բայց, ինչպես Ղազախստանում, եթե ՌԴ-ին բարեկամական իշխանություն կա, վտանգի պարագայում ՌԴ-ն պատրաստ է աջակցել իրենց: Սա նշանակում է նոր աշխարհակարգի կանոնների վերաբերյալ հստակ ձևակերպում՝ Պուտինի կողմից: Իրենք պոստսովետական տարածաշրջանը հենց նշված մոդելի շրջանակներում են տեսնում: Այսինքն, նրանք ուկրաինացիներին տարբեր մեթոդներով ու ձևերով բազում բաներ են ասել, բայց նրանք պարզապես կա՛մ չեն ընկալել, կա՛մ ունակ չեն եղել ընկալել: Կամ էլ նրանք, ովքեր իրապես ղեկավարում են Ուկրաինայի իշխանություններին, պատրաստ են եղել զոհաբերել Ուկրաինան՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու և, օրինակ՝ ռուսական գազը սեփական ամերիկյան գազով փոխարինելու համար: Իրողությունները հենց այս տիրույթում պետք է դիտարկել»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28