Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ երկրի ժողովրդավարական զարգացումը եւ կանաչ էներգիան տեսնում եմ որպես երկու փոխկապակցված օրակարգեր․ Մարիա Կարապետյան

Փետրվար 26,2022 10:10

Մարիա Կարապետյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ

Հարգելի գործընկերներ,

ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դեսպան Հասանին եւ տիկին Ռոսիկին իրենց ուղերձների համար:

Կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել երրորդ հանձնաժողովի զեկուցող դոկտոր Գուդրուն Քուգլերին՝ զեկույցի վերաբերյալ իր տեսլականը ներկայացնելու համար: Ներկա լինելով փետրվարի 4-ի մաքուր էներգիայի հեղափոխության վերաբերյալ առցանց երկխոսությանը՝ շատ գնահատում եմ այն, թե ինչպես է դոկտոր Քուգլերը հավաքագրել բոլոր մասնակիցների կարծիքները եւ վստահ եմ, որ դա կարվի այսօրվա հանդիպման դեպքում եւս:

Կցանկանայի խոսել այն մասին, թե ինչպես եմ տեսնում Հայաստանի առաջընթացն այսօրվա օրակարգի շրջանակներում:

Հայաստանը հանածո վառելանյութ արտադրող երկիր չէ, եւ ածխածնային չեզոքության անցումը մեզ համար բնական սկզբունք է, որը բխում է մեր էներգետիկ անվտանգության եւ կանաչ աճի նպատակներից:

Փարիզի համաձայնագիրը յուրաքանչյուր երկրից պահանջում է ազգային մակարդակով սահմանված գործողություններ, որոնք ոչ պարտադիր, սակայն կարեւոր հանձնառություններ են` մեղմելու կլիմայի փոփոխությունը: Անցյալ տարի Հայաստանը վերանայել է իր՝ ազգային մակարդակով սահմանված գործողությունները: Մեր տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանն այն երկու երկրներն են, որոնք կամավոր նման հանձնառություններ են ստանձնել:

Հայաստանն արդեն օգտագործում է իր հասանելի հիդրոէլեկտրաէներգիայի ռեսուրսների մոտ 80 տոկոսը, իսկ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում հիդրոէներգիան կազմում է ավելի քան 30 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է պահում մեր «ածխածնային հետքը»:

Մեր նպատակն է մինչեւ 2030 թվականն արեւային էներգիայի մասնաբաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 15 տոկոսը եւ զրոյական արտանետումներով էլեկտրաէներգիայի արտադրության բաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 54 տոկոսը:

Կա մեկ կոնկրետ օրենսդրական նախաձեռնություն, որին ոգեւորությամբ սպասում եմ. դա փոքր արտադրողների, այդ թվում՝ սպառողների համար էլեկտրացանցերի հասանելիության ապահովումն է, որպեսզի նրանք, ովքեր տեղադրել են արեւային եւ հողմային էներգիա արտադրող կայաններ՝ իրենց սեփական կարիքները բավարարելու նպատակով, կարողանան շուկայում վաճառել էլեկտրաէներգիա:

Վերջին նկատառումս հետեւյալն է. ես իմ երկրի ժողովրդավարական զարգացումը եւ կանաչ էներգիան տեսնում եմ որպես երկու փոխկապակցված օրակարգեր եւ դրանք հակադրում ավտորիտարիզմին, նավթադոլարներին եւ հակամարտությունների հարատեւմանը: Սա հատկապես կարեւոր է Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում: Կանաչ տնտեսության մասին Ադրբեջանի պատումները չեն կարող քողարկել Ադրբեջանի նավթադոլարների եւ դրանց գնած զենքերի պատճառած ավերածությունները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28