Բազմահայաց մոտեցումն արձակ ստեղծագործության հերոսին կամ հերոսներին կարեւոր նախապայման է գրողի համար: Այս համատեքստում դիտարկենք երիտասարդ գրող Հայկ Սիրունյանի «Չոր ապրիլ» գրքում տեղ գտած մի շարք պատմվածքներ: Հարկ է նշել, որ հեղինակն ինքնատիպ բառամթերքով է կառուցում արձակը՝ աշխարհի առաջ բացելով իր՝ մարդու ինքնաբացահայտման տարածությունը: Ու պատահական չէ, որ մարդկային սերը չի պակասում նրա ստեղծագործություններից. գուցե սա Հայկի արձակի երակն է, որը բառացիորեն չի երեւում, բայց զգացնել է տալիս: Հեղինակի արձակի մեջ ազգայինի ամրակուռ գաղափարն է վեր հառնում՝ չխոցվող ու վերաիմաստավորված:
Հայի մասին խոսելիս հեղինակն ինքն է պատասխանում իր հարցադրմանը. «Հայն ո՞վ է: Կոտրվող ծաղկամանի պես տարածված ամենուր, ամենո՛ւր, բացի իր զարկվելու տեղից: Մարդկային մոխրագույն մի տեսակ, որին անհնար է ճանաչել, առավել եւս տեղավորել երեք հոմանիշ բառերի մեջ»: Հայկ Սիրունյանը նույնպես հոմանիշներով չի խոսում ընթերցողի հետ, այլ հստակ շեշտադրումներով, ազատ խոսքի իրավունքով ու բառերով պատկերում է հայի կերպարը՝ ժամանակավոր, մշտամնա, անհնարին ու հնարավոր բազում երեւույթներով հագեցած: Այս ամենի մեջ իրականությունն է հաճախ «սարսափ» առաջացնում, որովհետեւ այն, ինչ չեն ասում շատ մարդիկ, ասել է երիտասարդ հեղինակը: Նույն պատումի վերջաբանում, որտեղ Հայկը մոմպասի պես հալվող հողակտորի մասին է խոսում՝ այն անվանելով ներկա Հայաստան, համոզիչ է դառնում իր խոսքը, որ նրան «լքում են պարտադրաբար, երազում՝ հեռվից, գրկախառնվում՝ մեռած…»:
Հեղինակի գրիչն իրապաշտ է, որը երբեմն իրականություն-փիլիսոփայություն զուգահեռների խմորումների արդյունքում իր առաջ նոր խնդիրներ է դնում եւ հնարավորություն բացում՝ հստակ բանաձեւ ընտրելով սեփական արձակի համար: Իհարկե, սա դյուրին չէ, հատկապես այս խառն իրավիճակներում, երբ զարմանալու ոչինչ չկա, իսկ ապրածը վերարժեւորելը միայն անհրաժեշտություն է:
Հայկ Սիրունյանի ձեռագրին հատուկ է անսովորը սովորականին մերելու առանձնահատկությունը: Սա հեքիաթներում հանդիպող երեւույթների մասին չէ, այլ իրականության արտացոլանքը թղթին, որը շատ անգամ չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել: Շոշափելի ու խոսուն պատմվածքներում պատկերային-արտահայտչական դետալների առկայությունը շատ է օգնում ամբողջովին պատկերացնելու Հայկի ասելիքը, դրանք նոր տարածքներ մղելու եւ ինչու ոչ՝ մի քանի րոպե այնտեղ ապրելու համար: Հեղինակը հետաքրքիր պատմող է, ժամանակակից մարդու պես, նրա հետ ու նրա կողքով քայլող: Բայց այն, ինչ ապրել է, ստվերում չի մնում, որովհետեւ ամեն ինչի սկիզբը նույնպես շատ կարեւոր է, հատկապես մարդկային կյանքում:
Հայկ Սիրունյանը մի ամբողջ հոգեւոր կենսագրություն է ներկայացնում՝ ազնվաբար նայելով իր հիշողության ընթացքին, որտեղ երկիրն անփոփոխ է ու անքննարկելի: Պատմվածքներում նա հետեւողականորեն է ներկայացրել տոհմի ու գյուղական կյանքի պատկերը՝ չվնասելով դրանց ներքին հոգեբանական կերպը: «Լինում է, չի լինում, մի երկիր է լինում՝// Աշխարհից մեծ, աշխարհում՝ փոքր»,-նա գրում է այդ երկրի ու այդ երկրում ապրող մարդկանց մասին, ինքնափնտրտուքների արդյունքում գտնում է այն ջիղը, որը սնուցում է մարդկային հոգին ու միտքը, ազգային ոգին:
Քաղաքի ընդհանուր պատկերը հեղինակն իր արձակում գունեղ է ներկայացրել: Անընդհատ փոփոխվող ժամանակի մեջ Հայկը չի կորցնում այն ամենը, ինչն իր համար կարեւոր է: Եվ այստեղ մի քանի նպատակ կա. հեղինակը չի փորձում մարդուն սովորեցնել, այլ ցույց է տալիս իրականը, չի պարտադրում սեփական քայլերով, այլ հիմնավորում է այդ քայլերի անհրաժեշտությունը եւ չի մոռանում ինքն իրեն, որովհետեւ համարում է, որ այո, ինքն էլ սովորական մարդ է: Եվ այդ հարթության վրա խորհրդավոր սերն է լույս տալիս, որովհետեւ էլ ի՞նչ ճանապարհ, որ դաջված չլինի սիրո կնիքով: «Կարմիր փետուր, ճերմակ աղավնի» պատմվածքում գրողը վարպետորեն ուրվագծել է այն սերը, որը վերերկրային թեւեր է առնում՝ նոր ուղի մատնանշելով: Ծանրակշիռ պատումը չի խանգարում, որ ընթերցողն ընկալի տողատակի ասելիքը, որը նույնպես կարեւորել է հեղինակը եւ կրկնություն չթվա՝ տարածք է թողել ինքնադիտման եւ խորհելու համար:
Կարդացեք նաև
Գրականագետ Արմեն Ավանեսյանն իրավացիորեն է փաստել, որ «ընթերցողի աչքի առջեւ կերտվում է մի նոր քաղաք՝ երիտասարդի հայացքով ճանաչվող քաղաք, ուր կյանքի եռուզեռը հաճախ փոշու մեջ խեղդում է ամենակարեւորը, անգամ եթե այն մաքուր է: Հայկ Սիրունյանը գնում է իր ամենակարեւորի ետեւից, քանզի այս գիրքը նրա հոգեւոր կենսագրությունն է, որ կարող է դառնալ ամենքինը»:
Այսօրինակ գրքեր ընթերցելն առավել քան կարեւոր է 21-րդ դարում ապրող մարդու համար, քանզի հիշողությունը շատ անգամ օգնում է կյանքում հանդիպած դժվար ճանապարհները հաղթահարել, ուժ է տալիս եւ վերջապես անհերքելի ճշմարտությամբ գրում այն բանաձեւը, որը դառնում է մի նոր ուղեցույց՝ կյանքին նայելու եւ կյանքից աշխարհին նայելու համար:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.02.2022