Արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտությունը տակնուվրա շրջեց մեր կյանքը եւ մեզ կանգնեցրեց բազմաթիվ նոր պրոբլեմների առջեւ: Բազմիցս բարձրաձայնվել է երկրի վիճակի եւ մոտավոր սպասվող իրադարձությունների վերաբերյալ ժողովրդի, իշխանությունների եւ ընդդիմության մոտեցումների մասին: Հայտնի չէ, թե նենգ թշնամին ինչ քայլեր է ծրագրում: Զարմանալի է, որ երկրի ճակատագրական այս իրավիճակում սպասվելիք իրադարձությունների վերաբերյալ հանրության ներսում ոչ մի քննարկում չի արվում, որպեսզի հաշվի առնվեն դրանք եւ փորձեն դրանց հիմքում հիմնականում ներառել ժողովրդի ցանկությունները:
Արցախյան վերջին իրադարձություններից հետո երկիրը հայտնվել է այնպիսի բարդ իրավիճակում, որ առանց չափազանցության կարելի է ասել՝ կշեռքի նժարին է դրված Հայաստան երկրի, պետության, պետականության լինել-չլինելու, հետեւաբար նաեւ՝ Հայաստանի եւ հայության կարգավիճակի հարցը: Իրականում ժամանակը շատ սուղ է եւ այս վճռորոշ օրերին, երբ որոշվում է մեր երկրի հետագա ճակատագիրը, բացարձակ անհասկանալի ու անընդունելի է ժողովրդի կրավորական կեցվածքը, կարծես ոչ մի արտառոց բան էլ չի կատարվում եւ խոսքը գնում է հայ-ադրբեջանական առեւտրատնտեսական հարաբերությունների մասին, որին ուղղակիորեն մասնակցելու է Ռուսաստանը, իսկ անուղղակիորեն՝ Թուրքիան:
Պատերազմը, որը մենք տարանք ու պարտվեցինք, դաժան էր, իսկ այն, ինչ սպասվում է մեզ, դա է լինելու ամենաորոշիչ պատերազմը, քանզի այդտեղ է որոշվելու, կլինի՞ Հայաստան երկիր, թե՞ ոչ, կունենա՞նք Հայաստան պետություն, թե՞ ոչ, կհաջողվի՞ պահպանել մեր պետականությունը, թե՞ դարձյալ կկորցնենք այն եւ սրանցից բխող շատուշատ այլ բաներ: Թե՞ Թուրքիայի եւ Ադրբեջանի ողորմածությամբ կհամաձայնենք ունենալ թուրքական մի վիլայեթի կարգավիճակ ու անգամ՝ այսուհետ հնարավորություն չենք ունենա բարձրաձայնելու մեր երգերը՝ ծովից-ծով Հայաստանի, Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման, մեր փոխհատուցումների եւ Արցախի կարգավիճակի մասին:
Հայաստանի ապագայի ճակատագրի որոշման հարցը վիճակված է մեզ՝ ապրողներիս եւ մեզանից է կախված լինելու, թե մարդկության պատմության հետագա ընթացքը նկարագրելիս մեր մասին ի՞նչ կգրվի. հպարտ, համարձակ, պետականամետ, իրեն հարգող, թե՞ հպարտությունից զուրկ, վախկոտ, պետականամետությունից զուրկ, իրեն չհարգող, կցորդի կարգավիճակը գերադասող ժողովուրդ: Հայ ժողովուրդն այսօր պետք է տա այս հարցերի պատասխանները…
Կարդացեք նաև
Պատմության մեջ, մեր նահատակված բազմաթիվ հայրենակիցներ իրենց կյանքի գնով տվել են այս հարցերի պատասխանները, մեծագույն հույս փայփայելով, որ ապրողներս եւս, պատվով եւ հպարտորեն կկատարենք մեր ազգային առաքելությունը եւ նույն կերպ կտանք այդ հարցերի սպառիչ պատասխանները:
Ճիշտ կապրենք, ճիշտ կտանք այդ հարցերի պատասխանները, կմնանք որպես ապրող ժողովուրդ, հակառակ պարագայում կդառնանք հերթական մեռնող ժողովուրդը: Տիրոջ աջը մեր վրայից անպակաս:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
25.02.2022