«Փոխանակ Հայաստանը քրեական գործ հարուցեր 44-օրյա պատերազմում ֆոսֆորային զենք կիրառելու, քաղաքացիական անձանց սպանելու, ահաբեկիչներին օգտագործելու համար, միջազգային փաստաթղթեր, իրավական ակտեր ուղարկեին միջազգային դատարանին, բայց չարեցին, հաշտ ու խաղաղ մնացին։ Սովորական հայի համար պարզ չէ, թե ինչն է խնդիրը։ Նիկոլի թշնամին ընդդիմությունն է, իր ժողովուրդն է, դատական համակարգն է»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը:
– Պարոն Մոսիյան, Արցախի խորհրդարանն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ՝ բռնազավթված տարածքների մասին։ Խնդրում եմ բացեք փակագծերը, ինչի՞ մասին է նախագիծը եւ մեր դիվանագիտության համար ի՞նչ հնարավորություններ է ստեղծում այն։
– Արցախի խորհրդարանը, համահեղինակությամբ Արցախի խորհրդարանի նախագահի եւ խորհրդարանում գործող հինգ խմբակցությունների ղեկավարների, նախաձեռնեց օրենքի նախագիծ՝ Արցախի բռնազավթված տարածքների մասին։ Նախագիծը վերաբերում է այն տարածքներին, որոնք Ադրբեջանը՝ սկզբից միայնակ, այնուհետեւ Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների օգնությամբ բռնազավթեց 44-օրյա, ինչպես նաեւ 1991-1994թթ. եւ 2016թ. պատերազմների ընթացքում։ Արցախի ԱԺ-ն դեռեւս 2021թ. մարտին հայտարարել էր, որ բռնազավթված տարածքների վերաբերյալ որոշում ունի, սա այդ որոշման օրենսդրական ամրագրումն էր։ Օրենքի նախագծով ամրագրվել է, որ այդ տարածքները բռնազավթված են, սակայն դրանց ժամանակավորապես բռնազավթված լինելը չի կարող ազդել Արցախի տարածքի հետագա ճշգրտման եւ Արցախի հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու վրա։ Նաեւ ամրագրվում է, որ բռնազավթված տարածքներում շարունակում է գործել Արցախի օրենսդրությունը եւ ռազմական դրության իրավական ռեժիմը։ Օրենքի նախագիծը նաեւ դիմում է միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ այդ տարածքներում ներդրումներ կատարելիս պետք է մտածել այս մասին, որպեսզի հետագայում փաստի առաջ չկանգնեն։
Մենք հասկանում ենք, որ Արցախը չճանաչված պետություն է, բայց փորձը ցույց է տալիս, որ պատերազմը հարցի լուծում չէ։ Մենք հաղթեցինք առաջին պատերազմում, պարտվեցինք երկրորդում, բայց կարող է լինել երրորդը, չորրորդը։ Այսինքն, այս պատերազմական հանգամանքները չեն կարող ազդել տնտեսական հարցերի վրա։
Կարդացեք նաև
Միջազգային հանրության նկատմամբ Ադրբեջանը կիրառում է «սեւ ցուցակ» կոչվածը, մենք այդպիսին չունենք, բայց եթե տարածքում տեղի ունենան մարդու իրավունքների խախտումներ, սահմանափակումներ, դրանց համար պատասխանատվություն կրելու է Ադրբեջանը, քանի որ այս պահին տարածքները փաստացի բռնազավթված են նրանց կողմից։
Ուզում եմ նշել, որ մեր բոլոր պաշտոնական գրագրություններում պետք է օգտագործենք «բռնազավթված տարածքներ» եզրույթը։
– Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում, Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված է, Հայաստանն այլ օրակարգ չի առաջարկում։ Այս համատեքստում Արցախի ԱԺ-ի ընդունած նախագիծը հնարավորությո՞ւն է Մինսկի խմբի գործունեությունը վերականգնելու համար։
– Եթե Մինսկի խումբը ցանկանա վերականգնել իր գործունեությունը, նա այս նախագծի կարիքը չունի, այլ պարտավոր է վերականգնել բանակցային գործընթացը։ Բայց այստեղ խնդիր ունենք Հայաստանի իշխանությունների հետ։ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի որոշման համաձայն՝ քանի որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված պետություն է, Հայաստանը պարտավորվում է միջազգային ասպարեզում առաջ մղել Լեռնային Ղարաբաղի շահերը եւ չստորագրել մի փաստաթղթի տակ, որի համաձայն՝ Արցախը կարող է Ադրբեջանի մաս կազմել։ Բայց տեղի ունեցավ լրիվ հակառակը։ Մենք փաստորեն գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի, այլեւ նրան աջակցող դավադիր խմբակի հետ։ «Արցախի Հանրապետություն» հասկացությունն արդեն դուրս է եկել պաշտոնյաների բառապաշարից, օգտագործում են «Արցախի ժողովրդի անվտանգություն» տերմինը եւ սա էլ փորձում են գցել ռուսների գրպանը, ասում են՝ որտեղ ռուս խաղաղապահներն են, մենք գործ չունենք։ Հայաստանի ոչ նախագահը, ոչ ԱԺ-ի նախագահն Արցախ չեն այցելել, իսկ դա խոսում է բանավոր պայմանավորվածությունների եւ պլանների մասին։ Ես չեմ ուզում այլ բառեր օգտագործել, բայց սա տարօրինակ է։ Չորս կողմից թուրքերով շրջապատված լինելու պայմաններում՝ Արցախի խորհրդարանը փորձում է ինքնուրույն քայլեր ձեռնարկել։
– Վերջերս Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարաններում վավերացվեց Շուշիի հռչակագիրը, որը երկու երկրների ռազմական համագործակցության մասին է։ Պարզ է, որ սա թղթի վրա չի մնալու, իսկ պաշտոնական Երեւանը լռում է։ Սա մեզ համար ի՞նչ վտանգներ է նախատեսում։
– Պաշտոնական Երեւանի լռությունն իրոք արդեն դառնում է նորմա։ Հռչակագիրը նրա մասին է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը երկու պետություն եւ մեկ բանակ են։ Սրանով ամրագրվում է, որ Թուրքիան մտել է տարածաշրջան, իսկ առաջ փոխկապակցված կերպով էր իր շահերն իրացնում։ Թույլ լինելը եւ հակահարված չտալն ուրիշ բան է, իսկ դիվանագիտական հարթակով չարձագանքելն արդեն ուրիշ բանի մասին է խոսում։ Սա միայն պատերազմի արդյունք չէ, սա այլ պայմանավորվածության արդյունք է, որը լավ տեղ չի տանում։ Պետք չէ մոռանալ, որ Արցախն ու Հայաստանը մեկ անվտանգային միավոր են, չի կարող Արցախում վատ վիճակ լինել, իսկ Հայաստանում ամեն ինչ լավ լինել։
Մեր շատ հայրենակիցներ մտածում էին, որ Արցախից պրծնենք, Արցախի բեռից էլ կպրծնենք, բայց հիմա նոր սկսում են ընկալել, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլեւ Արցախն էր Հայաստանի անվտանգության դարպասը։ Մեր բազմազահար նվիրյալները, զոհերը ցույց տվեցին, որ Հայաստանն ու Արցախն իրոք մեկ անվտանգային միավոր են, եթե մեկը խոցված է, ապա մյուսն էլ է վտանգի մեջ։ Մինչեւ մեր պետական այրերը սա չհասկանան, հարցի լուծում չի լինի։
– Տարածաշրջանում Թուրքիայի ակտիվությունը ձեռնտու չէ նաեւ Ռուսաստանի համար։ Ի՞նչ եք կարծում այս հարցում Ռուսաստանի պասիվ կեցվածքի մասին։
– Մենք միշտ սովոր ենք մեղադրել բոլորին, բացի մեզանից։ Եթե Հայաստանն իր իրավունքներն իրացնելու համար անգամ ձգտում չի անում, իշխանությունները հեռու են պետական շահից, համաձայնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ամեն կամ գրեթե ամեն առաջարկության, էլ ի՞նչ ենք պահանջում։ Ես Ռուսաստանին չեմ արդարացնում, բայց պարզ է, որ մենք պետք է մի բան ասենք, որ նրանք շարունակեն։
– Այս ընթացքում շատ ընդդիմադիր գործիչներ խոսեցին Շուշին ու Հադրութը վերադարձնելու հնարավորության մասին։ Այդ հնարավորությունը դեռ կա՞։
– Մենք ամեն օր բաց ենք թողնում այդ հնարավորությունը։ Եթե գոնե նոյեմբերյան կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Նիկոլն ու իր խմբակը հեռանային, այդ հնարավորությունը կլիներ։ Բայց ամեն օր չհեռանալով՝ այդ հնարավորությունն ավելի մշուշոտ է դառնում։ Ես կարծում եմ, որ այդ հնարավորությունը միշտ կա, պարզապես գնալով ավելի դժվար է դառնում։ Ադրբեջանի նախագահը խոսում է Երեւանի, Զանգեզուրի, Գեղարքունիքի մասին։ Պարզ է, որ նոյեմբերի 9-ը պարտության վերջը չէր։ Եթե Հայաստանում սա չհասկանան՝ մենք ամեն օր մեր հնարավորությունը կորցնելու ենք։
– Ադրբեջանի նախագահն Արցախի նախագահին կալանավորելու մասին է խոսել, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Արդյո՞ք սա Արցախի հարցը լուծելու վերջին ակորդն է։
– Ոչ։ Սա դեռ սկիզբն է։ Դրանք ամեն անգամ մի բան են ասում եւ հետեւողականորեն իրականացնում են։ Փոխանակ Հայաստանը քրեական գործ հարուցեր 44-օրյա պատերազմում ֆոսֆորային զենք կիրառելու, քաղաքացիական անձանց սպանելու, ահաբեկիչներին օգտագործելու համար, միջազգային փաստաթղթեր, իրավական ակտեր ուղարկեին միջազգային դատարանին, բայց չարեցին, հաշտ ու խաղաղ մնացին։ Սովորական հայի համար պարզ չէ, թե ինչն է խնդիրը։ Նիկոլի թշնամին ընդդիմությունն է, իր ժողովուրդն է, դատական համակարգն է։ Մարդը կատարում է խնդիր՝ Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու համար։ Եթե ինչ-որ մեկը կույր է եւ չի տեսնում սա՝ իր խնդիրն է։
Զրույցը վարեց
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հ.Գ.- Զրույցն արվել է, երբ ռուս-ուկրաինական պատերազմը չէր սկսվել:
«Առավոտ» օրաթերթ
25.02.2022