Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուկրաինայում ապրող հայերը, որոնց ճանաչում եմ, իրենց դրսեւորում են որպես իսկական ուկրաինացի»

Փետրվար 25,2022 19:07

Ամբողջ Կիեւում հրթիռակոծությունը լսվում է։ Հիմա մենք բնակարանում ենք, եւ ձայները լսում ենք, առավոտից օդային տագնապներ են։ Ամբողջ երկրում տոտալ պատերազմ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի քաղաքացի Մարատ Հակոբյանը։ Մարտը բնակվում է Կիեւում, ասում է՝ քաղաքացիներից շատերն են այս պահին ապաստարաններում, իր ընտանիքը դեռ իրենց բնակարանում են։ «Քաղաքը պարբերաբար հրթիռակոծվում է, լսվում են արկերի կամ ինքնաթիռի, օդային տագնապի ձայները։ Լույս, ինտերնետ, ջեռուցում, տաք ջուր այս ամենը կա։ Կիեւում պատերազմը կենցաղի վրա չի ազդել»։

Նրա պատմելով՝ երեկ առավոտյան հերթեր էին դրամատների, խանութների, դեղատների մոտ, գումար էին կանխիկացնում, սնունդ ու դեղորայք գնում։ Հիմա այս հերթերը չկան։

«Գիշերը պայթյուն եղավ։ Բայց Կիեւում լայնածավալ պատերազմի դեպքը չէ։ Լուրերը, որ թաղամաս են գրավել դա այն մասին է, որ ռուսական դեսանտը մտել էր մի թաղամաս, բայց դա կարող է լինի մինչեւ Լեհաստանի սահման ցանկացած բնակավայր։ Այսօրվա դրությամբ Ուկրաինան կիսաօղակի մեջ է։ Ներգրավված են սահմանապահ զորքերը, տեղային պաշտպանությունն է գործում, տղամարդիկ զենք են վերցնում իրենց թաղամասերը պաշտպանելու համար։ Մարդիկ այս նոր իրականությանը հարմարվում են»։,-ասաց Մարատը։

Ինչ վերաբերում է տեղի հայերի եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանության միջեւ կապին, Մարատն ասաց, որ կապը կա, նաեւ նշեց, որ Ուկրաինայի հայերի մեծ մասը այնտեղի քաղաքացիներ են, այնտեղ են ծնվել․«Ո՞ւր գնան նրանք։ Այո, հայերով կապի մեջ ենք, նրանք նույնիսկ տարհանվելու առաջարկությունը չեն ընդունել»։

ՀՀ ԱԳՆ-ից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիեւում դեսպանությունը եւ Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) կապի մեջ է երկրում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, շարունակաբար ուսումնասիրում են իրավիճակը եւ համապատասխան որոշումներ կայացնում․«Ուկրաինայում ՀՀ դեսպանության այս պահի դրությամբ ունեցած տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան»։

Ուկրաինայի մեկ այլ հայազգի քաղաքացի Ալեք Կարապետյանն ապրում է Կիեւում, Շեվչենկովսկիյ շրջանում։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրավիճակն անկայուն է, շատ քաղաքացիներ իրերը հավաքած շրջում են ապաստարանների մոտ։ Նա նույնպես նշեց, որ տագնապի ազդանշաններ են հաճախ հնչում, զգուշացնում են հնարավոր օդային հարձակման մասին։

«Մեծ հերթեր են մարդկանց, որոնք պատրաստ են ինքնապաշտպանության ջոկատներ մտնել, նրանք ինքնակամ դիմում են գրում, զենք են ստանում պարեկություն եւ պաշտպանություն իրականացնելու համար»,պատմեց Ալեքը։ Նրա խոսքով՝ քաղաքում խուճապ չկա, կա անհանգստություն, պատասխանատվություն․«Մարդիկ ինքնակազմակերպվում են սննդի եւ այլ պարագաների եւ մարդկային ռեսուրսների մոբիլիզացիայի համար։ Մեր քաղաքացիները պատրաստ են արձագանքել իրավիճակի ցանկացած զարգացմանը»։

Նա ասաց, որ այն հայերին, որոնց ինքը ճանաչում է, եւ որոնք ապրում են Ուկրաինայում, իրենց դրսեւորում են որպես իսկական ուկրաինացի․«Մենք մեկ դրոշի ներքո ենք։ Նրանք չեն լքում երկիկրը, մնում են այստեղ»։

Ուկրաինայում բնակվող Արփին, որը եւս ազգությամբ հայ է, ինստրագրամի իր բլոգում գրել է, որ երեխաների հետ ապաստարանում են այս պահին, ասում է՝ Հայաստան գալ չեն կարող, փակ են Ուկրաինայի օդանավակայանները, երկրում արտակարգ դրություն է․«Հարեւան երկրները փակել են սահմանները Ուկրաինայի համար»։

Փետրվարի 24-ին ՌԴ-ն հարձակում է գործել Ուկրաինայի վրա։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի որոշ բանկերի եւ առանձին պաշտոնյաների նկատմամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատժամիջոցները բավարար չեն, դրանք ՌԴ-ին չեն կանգնեցում․«Ուկրաինան մենակ է մնացել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28