Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի տարածաշրջանային քոլեջի տնօրենի մեղադրանքի ծավալը չի փոխվել

Փետրվար 25,2022 18:24

Սյունիքի տարածաշրջանային քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանին առաջադրված մեղադրանքը փոփոխության չի ենթարկվել: Այս մասին Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը։

Տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագ (պաշտոնեական կեղծիքը) եւ 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 դրվագ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

Ըստ ձեռք բերված ապացույցների՝ մեղադրյալը ուսումնական հաստատության ուսանողներին ընդունելու, նրանց հաճախելիության վերաբերյալ կազմվող փաստաթղթերում իր ենթակաների կողմից կատարվող գրառումների իսկության նկատմամբ հսկողություն իրականացնելու, կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ուսանողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, հաստատությունում ուսման վերականգնելու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատող պաշտոնական փաստաթղթերում, ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ:

«Կազմակերպելով դրանցում ակնհայտ կեղծ գրառումների կատարում՝ ստուգման գրքույկներում եւ դասամատյաններում գնահատականների նշանակումը եւ/կամ դասապրոցեսին բացակա լինելու պարագայում այդ մասին համապատասխան նշումներ չկատարումը՝ նա ստեղծել է իրավական հիմքեր ուսումնական եւ քննական պրոցեսին մասնակից չլինելու պարագայում կազմակերպությունից չհեռացնելու, ավելին՝ քննական շրջանը բարեհաջող ավարտելու վերաբերյալ: Արդյունքում այդ անձանց ուսման բնականոն ժամկետում տրամադրել են դիպլոմներ»,-նշված է դատախազի պատասխանի մեջ:

Նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, եւ դրա արդյունքներից է կախված՝ կառաջանա՞ մեղադրանքի ծավալը փոփոխելու անհրաժեշտություն, թե ոչ:

«Բավարար հիմքերի դեպքում որեւէ կաշկանդվածություն չունենք նաեւ այն փոքրացնելու: Կարեւորը տվյալ դեպքում իրականացվող քննության օբյեկտիվությունն է եւ դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանությունը»,-նշել է Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը:

Նշենք, որ քոլեջի տնօրենի պարտականությունները դատարանի որոշմամբ այս պահին կասեցված են։

Սյունիքի մարզի դատախազի հետ Aravot.am-ի հարցազրույցի այլ մանրամասները՝ առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28