Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ օր Գյումրիում․ ՔՊ-ական պատգամավորները՝ ցեխերի, թշվառ տնակների ու փլուզվող շենքերի մեջ (ֆոտոշարք)

Փետրվար 25,2022 17:57

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հրավերով՝ այսօր ՔՊ-ական պատգամավորների 19 հոգուց բաղկացած խումբն այցելեց Գյումրի՝ լինելով ինչպես ավտոկայանի տնակային թաղամասում, այնպես էլ օր օրի փլուզվող վթարային մի քանի շենքերում՝ Տիգրան Մեծ, Իսահակյան 9ա, Անտառավան 26, որտեղ բնակվելը դարձել է կյանքի ու մահվան պայքար։

ՔՊ-ականները թակում էին դռները ու ներս մտնում։

Ակնհայտ էր, որ նրանցից շատերը երբևէ տնակներում չէին եղել․ Հովիկ Աղազարյանի տված հարցերը հենց այդ մասին էին վկայում։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը պատգամավորին պարզաբանեց, որ վարչապետի որոշմամբ հանձնաժողով է ստեղծել, որը հաշվառել է մարզի,այդ թվում Գյումրիի ոչ հիմնական, տնակային շինությունները։

Ըստ Խաչատուր Խնձրցյանի, այս պահի դրությամբ 2765 տնակներ կան Գյումրիում։

«Կարգավիճակների ճշտման գործընթաց է տարվում, թե քանիսն են անօթևան, քանիսն են դրսից եկել, ովքեր են տուն ստացել, բայց տնակներից դուրս չեն եկել։ Պարոն Ղուլարյանի գլխավորությամբ հանձնաժողով կա ստեղծված, աշխատանքներ տարվում են։ 2023-2025 թվականների ընթացքում վարչապետի հանձնարարականով տնակային տնտեսությունների հարցը պետք է լուծվի, այսինքն` ամբողջապես պիտի մաքրվի տնակներից», -ասաց Խաչատուր Խնձրցյանը։

Նա ասաց, որ ֆինանսական հաշվարկ է կատարվում, որպեսզի միջնաժամկետ ծրագրերով կարողանան լուծել, իսկ փակ դռներով տնակների հարցը պիտի քննարկվի, չի բացառվում, որ տնակները մի տեղ կուտակվեն, երբ տերը գա, գնա, վերցնի։

Թե՛ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, և թե՛ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իրենց խոսքում նշեցին, որ ՔՊ-ականները սկսել են այցերի շարք հանրապետության տարբեր մարզեր, պիտի հանդիպեն ու լսեն քաղաքացիներին, գույքագրեն խնդիրները։

«Մեր այցի նպատակն այն է, որ լսենք քաղաքացիներին, խնդիրները գույքագրենք։ Լսում ենք, թե ինչպես են պատկերացնում հենց քաղաքացիներն այդ խնդրի լուծումը, որովհետև վերջիվերջո լուծումը պիտի բխի հենց մեր քաղաքացիների ցանկություններից», -ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Վերջինս ասաց, որ ուզում են կոտրել այն կարծրատիպը, թե Ազգային ժողովի պատգամավորները ընտրություններից ընտրություններ են քաղաքացիների հետ հանդիպում, այցելում խնդրահարույց կետեր։

«Ընտրություններից 5-6 ամիս է անցել, 4,5 տարի կա, և մենք մեր գործով պիտի ապացուցենք, որ քաղաքացու կողքին ենք, խնդիրների լուծումն էլ՝ առանց քաղաքացու հետ խոսակցության, հնարավոր չէ պատկերացնել։

Այսինքն՝ Երևանում կառավարության շենքում կամ Ազգային ժողովի շենքում նստած հնարավոր չէ խորապես արձանագրել այն խնդիրները, որոնք գոյություն ունեն իրական կյանքում, հետևաբար և դրանց լուծումներն էլ հնարավոր չէ արդյունավետ մշակել, հենց դրա համար էլ մենք այստեղ ենք։ Այցերը ոչ միայն սահմանափակվելու են Շիրակի մարզով, մենք Վայոց Ձորում էինք, շարունակաբար Հայաստանի բոլոր անկյուններում, բոլոր մարզերում, բոլոր համայնքներում լինելու ենք՝ համապատասխան խնդիրները վեր հանելով, լուծումներ փնտրելով։

Մեր նպատակը տնակում ապրող մարդիկ չունենալն է, կոյուղի չունեցող ընտանիք չունենալն է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասաց․ «Մենք նախորդ շաբաթվանից մեկնարկել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այցերի շարք հանրապետության բոլոր մարզերում, առաջինը եղանք Վայոց Ձորի մարզում, երկօրյա այց ունեցանք։ Եվ 2-դ կանգառը, ըստ էության սկսել ենք Շիրակի մարզում Գյումրի քաղաքով, ծանոթանալու ենք մի քանի խնդիրների՝ թե՛ քաղաքաշինական, աղետի գոտու հետևանքների վերացման տեսանկյունից, կրթական, տնտեսական։

Նպատակը հետևյալն է՝ խմբակցությունը, ինչպես որ հանձն է առել ընտրություններից առաջ մեր քաղաքացիներին, ժողովրդին հետ մեր կապը պահելու, անելու ենք մշտական և ամենօրյա ռեժիմով։ Այսօրվա այցը մեր խոստման առհավատչյան է, որովհետև մենք ասել ենք՝ մեր ժողովրդին չենք այցելելու միայն ընտրությունից ընտրություն։

Ընտրություններն անցել են, դեռ 4,5 տարի կա նոր ընտրություններին, բայց մենք շարունակելու ենք մեր հանրապետության բոլոր քաղաքներով, բոլոր բնակավայրերով, գյուղերով շրջել, լսել մեր հայրենակիցներին, նրանց դիտարկումները և բողոքները, արձանագրել, գույքագրել բոլոր խնդիրները»,- ասաց Հայկ Կոնջորյանը։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ ասաց․ «Քաղաքացիները սովոր են, որ պատգամավորներն այցելեն ընտրությունից ընտրություն, ես նախևառաջ ցանկություն ունեմ այդ կարծրատիպը կոտրելու, պատգամավորական խումբ է գալու, որոնք արձանագրելու են խնդիրները, հաջորդ փուլում տրվելու են լուծումներ»։

Շիրակի մարզպետը մի քանի օր առաջ իր մամլո ասուլիսում տեղեկացրել էր պատգամավորների խմբի այցելության մասին։

«Եթե անհրաժեշտություն կա օրենսդրական փոփոխությունների, պետք է տեսնել խնդիրը, ոչ թե լսել, որ Գյումրիում կան տնակային թաղամասեր։ Իմ շատ գործընկերներ, ամենայն հարգանքով եմ, որոնք Երևանում են աշխատում, չեն պատկերացնում՝ ինչ ասել է տնակային թաղամաս, ինչ ասել է մինուս 25 աստիճանի տակ տնակում ապրել և ինչ ասել է գոյատևել»,- ասել էր Նազելի Բաղդասարյանը։

Պատգամավորների խումբը եղավ նաև Շիրակի պետական համալսարանում, այնուհետ մեկնեց Աշոցք։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28