Այսօր պետք է ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով տեղի ունենար․ օրակարգում քննարկման առարկա պետք է լինեին դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաեւ՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։ Անհրաժեշտ քվորում, սակայն չապահովվեց։
«Այո, սպասելի էր, որ կտապալվի։ Եթե ԲԴԽ նիստում դատավորի թեկնածուին հարցնում են, թե ինքն արդյոք եղե՞լ է ժողով գումարելու ստորագրություն տված 93 դատավորների թվում, իր կամքո՞վ է ստորագրել, ուրեմն սա սպասելի էր»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Երեւանի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Հարությունյանը (լուսանկարում)։
Թե որ դատավորի թեկնածուի մասին է խոսքը, Հարությունյանը նշեց․ «Եկեք այդքանն ասեմ։ Մյուս տեղեկություններով էլ չեմ ցանկանում կիսվել։ Ես այդ դատավորներից չունեմ թույլտվություն իրենց անունները հրապարակելու»։
Դառնալով ժողովին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախատեսում էին հայտարարություն կազմել եւ ստորագրել․ առաջիկայում չի բացառվում, որ նույն օրակարգով կրկին արտահերթ ժողով հրավիրեն։
Կարդացեք նաև
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի պնդմանը, թե 40 կոռումպացված դատավորներ կան․ «Ի՞նչ ցուցակ, ի՞նչ կոռուպցիայի մասին է խոսքը․․․»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ