Մայրաքաղաքի բնակիչները 15 օր շարունակ հնարավորություն ունեին ծանոթանալու Երևանի 2021թ. զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների և բյուջեի կատարման հաշվետվություններին ու ներկայացնել առաջարկներ:
Քաղաքապետարանում անցկացված բաց լսումներին մասնակցել է 3 քաղաքացի: Բարձրացված հարցերը շրջակա միջավայրի պահպանության, մասնավորապես գետերի հուների մաքրման վերաբերյալ էին:
Մանրամասն ներկայացնելով քաղաքապետարանի կողմից նախորդ տարի ձեռնարկված միջոցառումները՝ նշվել է նաև, որ այս տարի նախատեսվում է նոր գործիքների ներդրում:
Անդրադառնալով առցանց դիմումներին՝ նշվել է, որ ստացված առաջարկները հաշվետվությունների ձևաչափի մասին են եղել:
Կարդացեք նաև
Հանդիպումը վարող, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ համայնքը կարևորում ու հաշվի է առնում բնակիչների կողմից բարձրացվող մտահոգությունները և այս տարի մի շարք ոլորտներում նախատեսում է բարեփոխումների նոր համալիր ծրագրեր:
Ամփոփելով լսումների արդյունքները՝ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների որոշմամբ նախագծերը կներկայացվեն Ավագանու քննարկմանը:
Երևանի քաղաքապետարան