«Պատերազմի տանելն ու պատերազմում պարտություն կրելը 2 բան կարող էր նշանակել՝ այս իշխանությունը կա՛մ դա արեց դիտավորյալ, կա՛մ անփորձ էր եւ դա հետեւանք եղավ իր անփորձության: Ուզում եմ մեջբերել աստվածաշնչյան Առակացից մի խոսք՝ իր գործում թույլ լինողը փչացնողի եղբայրն է: Այսինքն, տարբերություն չկա՝ դիտավորյա՞լ է տարել պարտության, թե՞ իր անփորձությամբ կամ հպարտությամբ՝ մենք այսօր ունենք այս իրավիճակը»,- այսօր Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարության տեքստը կարդալով՝ այսպիսի ելույթ ունեցավ «Ազատագրական շարժման» անդամ Արա Զոհրաբյանը:
Նա ասաց, որ երբ այս իշխանության պատասխանատվության հարցը քննարկվի, դիտավորություն գտնելու դեպքում լրիվ այլ որակում կտրվի, բայց այսօր առնվազն պետք է խոհեմություն դրսեւորել ու հասկանալ, որ այս իշխանությունը հայանպաստ չէ. «Ասում են՝ այս իշխանությունը ռուսամետ է եւ բնականաբար ձեռնտու է ՌԴ իշխանություններին եւ դժվար կլինի նրան հեռացնելը: Բայց միեւնույն է, Նիկոլ Փաշինյանի կերպարը շատ նման է այսօրվա Ուկրաինայի նախագահի եւ Սահակաշվիլու կերպարին, իրենք նույն արտադրամասի արդյունքն են, իսկ այդ անձինք չեն կարող մեր բնական դաշնակից Ռուսաստանի բարեկամը համարվել: Հիշենք նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2015-ի Մարտի 1-ի խոսքերը, երբ նա ոտանավորով ընդդիմության ստրատեգիական պլանն էր ներկայացնում, այն ժամանակ այդ ոտանավորին անլուրջ էինք վերաբերվում, բայց 2018-ը ցույց տվեց, որ դա իրագործվեց: Նա Նիկոլ Փաշինյանին բնութագրում էր որպես Բաբելոնյան աշտարակի շինարար, իսկ մենք՝ Հայկ նահապետի հետնորդներս, գիտենք, որ Բաբելոնյան աշտարակի շինարար Բելը մեր հակառակորդն է: Նա նկարագրում էր Նիկոլին բերող ուժին, ասում էր՝ Պուտինի հրաժարականը կրծքի տակ, այսինքն, նրանք էությամբ հակառուս են: Այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է ՌԴ-ին սիրաշահել, քծնել, մինչդեռ մենք հասկանում ենք, որ նա սրտով Արեւմուտքի, Թուրքիայի կողմնակիցն է: Թուրք-ադրբեջանական այս սիրախաղերը մենք ակնհայտ տեսնում ենք: Գիտեք ինչ, որպեսզի կարողանաս հակառակորդիդ հետ բանակցել, պետք է գոնե գլուխդ նրա երախից դուրս հանես, որ կարողանաս բանակցել: Հիմա մեր գլուխը գայլի երախի մեջ՝ մեզ ասում են բանակցեք իր հետ»:
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով այս իշխանությունը ձախողակ իշխանություն է ու պետք է հեռանա. «Նա անհաջողակ է, ինչպես Զելենսկին ու Սահակաշվիլին»: Նա հորդորեց միանալ ստորագրահավաքին ու պահանջել Փաշինյանի հրաժարականը, այլապես, ըստ նրա, կստացվի, որ այս վարչապետն արժանի է մեզ, մենք էլ իրեն:
Կարդացեք նաև
Թե ինչ է լինելու ստորագրահավաքից հետո՝ Արա Զոհրաբյանն ասաց, որ մեծամասնության ճնշման ներքո սահմանադրական ճանապարհով կհասնեն Փաշինյանի հրաժարականին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ