Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե կան նման դատավորներ, տվեք անունները»․ դատավոր Արման Հովհաննիսյան

Փետրվար 25,2022 17:20

«Փորձում են դատական համակարգի անկախությունը սահմանափակել, հնարավոր ճնշումներ․․․փորձում են կոտրել դատական համակարգը։ Դատավորներն իշխանության մաս են, ունեն ողջամտություն, հետեւաբար՝ պետք է ներկա գտնվեն։ Չեմ կարծում, որ կա դատավոր, որն իր մեջ չի հասկանում, թե դատական համակարգի առաջ ինչ խնդիրներ կան։ Եթե պետք է ներկա չլինեն եւ առաջնորդվեն նեղ անձնական շահերով․․․չգիտեմ ինչ գնահատական տամ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր պետք է ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով տեղի ունենար․ օրակարգում քննարկման առարկա պետք է լինեին դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաեւ՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։ Անհրաժեշտ քվորում, սակայն, չապահովվեց։

Արման Հովհաննիսյանը շեշտեց․ «Ժողովը չի կայանում ինչ որ մեկի համար, այն համակարգի համար է, որով ուզում ենք հասկանալ, թե ինչպես պաշտպանենք ինքներս մեզ, ի՞նչ լուծումներ տանք խնդիրներին»։

Հարցին՝ մտավախություն կա՞, որ դատավորների մի մասը խուսափում է երեւալուց, որ իշխանության թիրախում չհայտնվի, Արման Հովհաննիսյանը պատասխանեց․ «Կա այդ մտավախությունը, բայց ասեմ, որ խնդիրները, կարգապահական վարույթները, քրեական գործերը․․․ոչ մեկը երաշխավորված չի դրանցից, դրանք ամեն մեկին կարող են վերաբերել։ Ուստի դատավորները պետք է գան եւ փորձեն լուծումներ տալ։ Օրերից մի օր ամեն դատավորի համար էլ կարող են խնդիրներ առաջանալ։ Խոսում են 30-40 կոռումպացված դատավորների ցուցակի մասին՝ վարկաբեկելով բոլոր՝ մոտ 300 դատավորներին։ Եթե կան, տվեք անունները եւ համապատասխան գնահատական»։

Նկատառմանն ի պատասխան, որ Նիկոլ Փաշինյանն արդեն տվել է «վնգստացող դատավորներ» գնահատականը, որին հիմա գործընթաց է հաջորդում, ուստի քաղաքական հրահանգի դեպքում ինչի՞ դեմ են պայքարում, Արման Հովհաննիսյանը հարցադրում արեց․ «Բա ի՞նչ անենք, չպայքարե՞նք։ Օրենքով սահմանված ընթացակարգերով պետք է պաշտպանենք մեր համակարգը։ Խնդիրն անձը չէ, այս գործընթացը մեր համակարգի դեմ է ուղղված։ Էլի են լինելու նման հայտարարություններ, փորձելու են հեղինակազրկել համակարգը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28