Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան պատրաստ է ճանաչել ՀՀ-ն՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով, որը ենթադրում է 9 000 քառակուսի կիլոմետր Հայաստան. Հրանտ Բագրատյանն ահազանգում է

Փետրվար 25,2022 17:14

Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնությունն ի՞նչ իրավիճակի կարող է հասցնել՝ այսօր կայացած մամուլի ասուլիսում Aravot.am-ի հարցին, նախաձեռնության համահեղինակ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց, որ իր գնահատմամբ Ուկրաինայում տեղի է ունենում աշխարհաքաղաքական շահերի բախում եւ Հայաստանի խնդիրն է՝ «ոտնատակ չընկնել», քանի որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան շարունակում են իրենց ագրեսիվ պահել Հայաստանի նկատմամբ: Հրանտ Բագրատյանն ուզում է հավատալ, որ Ուկրաինայում արագորեն լուծում կգտնվի, քանի որ ՌԴ ուժերի գերլարումը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար:

Հրանտ Բագրատյանը հիշեց, որ դեռ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ էր պետք ճանաչել Արցախը եւ այդ ժամանակ ինքն ու Զարուհի Փոստանջյանն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկան, քանի որ պատերազմ սկսելով՝ Ադրբեջանն, ըստ էության, դուրս էր եկել բանակցային գործընթացից: ՀՀԿ-ական իշխանությունը չգնաց այդ քայլին: Ճանաչմանը չգնաց նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին. «Հիմա շատերն ասում են՝ ճանաչում ենք, կվնասենք նոյեմբերի 9-ի համաձայնագրին: Ոչ, կներեք: Նախ՝ նոյեմբերի 6-ի համաձայնագրին մնացել է երեք ու կես տարի: Երկրորդ՝ մենք հստակ տեղեկացված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ոմանք պարզապես չեն ուզում արդեն գալ՝ աշխատել: Հրաժարվում են գալ՝ հանդիպել: Մի քանի անգամ ՌԴ համանախագահն է ասել, որ խումբը պետք է շարունակի իր աշխատանքը: Դիմում եմ մյուս համանախագահներին՝ կա՞ք, թե՞ չկաք: Թե՞ Ալիեւի հայտնի ելույթից հետո որոշել եք դադարեցնել ձեր գործունեությունը: Դա նշանակում է, որ Ադրբեջանը նորից է դուրս գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբից, հրաժարվում է քննարկել այդ հայության վիճակը, այն էլ, Արցախից զգալիորեն տարածքներ խլելուց հետո: Այնպես որ՝ շուտ, թե ուշ, առաջիկա ամիսներին, նույնիսկ չէի ասի տարի, նորից հարց կբարձրանա: Եթե չկա ճանաչելու քաղաքական գործընթաց, ուրեմն, մեզ սպասվում է ևս մեկ պատերազմ: Տրամաբանական որեւէ պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունե՞ն: Վաղը մենք Արցախում ցեղասպանության առջեւ ենք կանգնելու: Արցախի կորստին կհաջորդի Սյունիքի կորուստը, կամ էլ՝ հակառակը: Եվ ընդհանրապես, հիմա Թուրքիան եւ Ադրբեջանն ասում են, որ պատրաստ են ՀՀ-ն ճանաչել Ալեքսանդրապոլի համաձայնագրով: Մեր իշխանությունը ոչինչ չի անում, բայց հայությունն արդարացված շանս ունի եւ պետք է ալիք բարձրանա»:

Հիշեցնենք, այդ համաձայնագրով ենթադրվում է 9 հազար քառակուսի կիլոմետր Հայաստան:

Նախաձեռնության համահեղինակ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ հավելեց, որ իրենց առաջարկը չէ՝ այժմ եւ անհապաղ ճանաչել Արցախը, այլ իրենք դիմում են ՀՀ-ում իշխող ուժին՝ հուշելով, որպեսզի օգտվեն առիթից եւ եթե առաջարկ կստանան՝ ճանաչել Դոնբասի եւ Լուգանսկի հանրապետությունները, ինչը բացառված չէ, այդ պարագայում առաջարկել՝ ճանաչել նաեւ ԱՀ-ն:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն էլ կարեւորում է այս նախաձեռնությունը. «Արցախն անտեր է մնացել եւ մեր հասարակությունն արթնացնելուն ուղղված բոլոր քայլերը ողջունելի են: Հույս ունեմ, որ առողջ ինքնապահպանման զգացողությունն, ի վերջո, մեր ժողովրդի մոտ կարթնանա»: Իր գնահատմամբ, եթե Արցախը կորցնենք, մենք ամեն ինչ կկորցնենք եւ հույս ունի, որ հայությունը, մանավանդ Հայաստանում բնակվող, սա կհասկանա:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Նախաձեռնող խմբի անդամ Արագած Ախոյանի գնահատմամբ՝ վաղուց էր պետք Արցախը ճանաչել: Դա անելու ամենահարմար պահն, ըստ նրա, 44-օրյա պատերազմի երկրորդ-երրորդ օրն էր, բայց անգործության արդյունքում բաց ենք թողել հարմար պահը, հիմա, բավական երկար ու դժվար ճանապարհ է պետք անցնել, բայց՝ պետք է անցնել:

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն էլ ասաց, որ եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան շատ լավ հասկանում են, թե ինչ բան է, երբ հայությունը միասնական է ու դրա օրինակները ոչ վաղ անցյալի պատմության մեջ քիչ չեն: «Սրա վերջը պետք է տալ՝ վերադառնալով այն կետին, որտեղից մենք սկսեցինք պառակտվել, կորցնել ինքներս մեզ, մեր ինքնությունն ու հայրենիքը»,- ասաց նա՝ հավելելով, որ «Փրկենք Արցախը» նախաձեռնության շրջանակներում նաեւ սոցցանցերում, տելեգրամ ալիքներում արշավ են սկսել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28