Երեւանում պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ Ուկրաինան բոլոր միջազգային հարթակներում գրեթե միշտ դեմ է քվեարկել Հայաստանին։ Այսօր խոսելով ռուս-ուկրաինական պատերազմից, «Հայելի» ակումբում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Նրա խոսքով՝ այդ հակասությունները եղել են ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ պաշտոնական դիվանագիտության մակարդակով՝ 2014 թվականից սկսած:
«Մենք հակասություններ ենք ունեցել նաեւ արտաքին քաղաքականության մեջ։ Ակնհայտ է, որ Ուկրաինան միշտ հանդես է եկել Ադրբեջանի օգտին՝ հաշվի չառնելով Հայաստանի դիրքորոշումը։ Դա վերաբերում է ե՛ւ Ղարաբաղին, ե՛ւ անվտանգության հետ կապված այլ հարցերին»,-ասաց Արտակ Զաքարյանը։ Նա գտնում է, որ Երեւանի դիրքորոշումը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ պետք է լինի հստակ եւ հիմնավորված։
Ռուս-ադրբեջանական հռչակագրի առնչությամբ էլ, Արտակ Զաքարյանն ասաց, որ այն հակակշիռ է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրին:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե այսօրվա իշխանությունն ամեն առումով նպաստում է, որ Արցախը մտնի Ադրբեջանի կազմ, Արտակ Զաքարյանն արձագանքց՝ այո այսօրվա իշխանությունը նպաստում է, բայց այսօրվա Ռուսաստանի Դաշնությունն այլ կերպ է պատկերացնում. «Այսօրվա Ռուսաստանը պայքարում է իր անվտանգության համար, եւ իր անվտանգությունն իրեն ստիպում է իր սահմանային բոլոր հատվածներում ունենալ ամուր դաշնակիցներ եւ ունենալ կայուն, երկարատեւ վստահելի զարգացում»:
Ադրբեջանը, որպես դաշնակից Ռուսաստանի համար երբեք չի լինելու, ըստ Արտակ Զաքարյանի՝ Ադրբեջանի տարածքն է եղել միշտ ավելի գրավիչ Ռուսաստանի համար, իսկ Ռուսաստանի համար, որպես բնական դաշնակից եղել է, կա եւ լինելու է Հայաստանի հանրապետությունը, հայ ժողովուրդը, բայց ոչ այս իշխանությունները: Նրա խոսքով, Թուրքիայից ավելի վտանգավոր թշնամի Հայաստանը չունի, Ռուսաստանից ավելի լավ բարեկամ Հայաստանը չունի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ