«Հայ-ռուսական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Մոսկվա-Երևան կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Երևանի պետական համալսարանի Քաղաքական գիտության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Ենգոյանը:
Ըստ նրա՝ փորձագետները պետք է իջնեն իրական հողի վրա, և շատ դեպքերում նաև կփոխվի նրանց կարծիքը. «Երբ դիտարկում ենք վերջին տասնամյակը, հեղափոխական իրադարձություններից հետո, տեսնում ենք, որ հենց այդ ժամանակահատվածում նաև հայ-ռուսական հարաբերությունները խորացան, կարծում եմ՝ ավելի վստահելի են դարձել: Ավելի ակնառու դարձավ դա 44-օրյա պատերազմից հետո: Հայ-ռուսական հարաբերություններն ավելի ամրապնդվեցին, և այժմ դրանք ամենաբարձր մակարդակի վրա են»:
Խոսելով տարաձայնությունների մասին՝ նա ասաց. «Կարող են լինել տարաձայնություններ, որոնք հատկապես կապված են ՀՀ-ի քաղաքական ղեկավարության գենեզիսի՝ ծագման առանձնահատկությունների հետ: Շատերի մոտ կա կասկած, թե հայ-ռուսական հարաբերություններն իրո՞ք ազնիվ են: Շատերը մեր իշխանության ներկայացուցիչներից ներգրավված են եղել տարբեր արևմտյան դրամաշնորհներում: Բայց օբյեկտիվ իրականությունը թույլ է տալիս մեզ նույնիսկ փոխել մեր կարծիքները և ավելի իրական նայել խնդիրներին»:
Աշոտ Ենգոյանը պնդեց՝ Ռուսաստանի հետ կան ընդհանուր շահեր ու վստահեցրեց. «Մենք առանց իրար չենք կարող: Հայաստանը Ռուսաստանի համար այնքան կարևոր է, ինչքան Ռուսաստանը մեզ համար: Հայ ազգին պետք է ուժեղ Ռուսաստան: Պատմությունը ցույց է տալիս, որ եթե Ռուսաստանը խնդիրների առաջ է կանգնում, մեզ մոտ էլ լուրջ խնդիրներ են առաջանում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ