Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սիրելի՛ հայ, ինչ ունես ծախիր, զինվի՛ր». Տիգրան Գրիգորյան

Փետրվար 25,2022 16:35

Հասարակական գործիչ, Զորավար Անդրանիկի շիրմաքարի նախագծող ու հեղինակ Վաչագան Բասենցյանը ամեն տարի Անդրանիկ Օզանյանի ծնունդի օրը գալիս է Հայաստան:

Այսօր էլ զորավարի ծննդյան 157-րդ տարեդարձն է ու Բասենցյանը կրկին Եռաբլուրում էր:

Եռաբլուրում էր նաեւ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նա ասաց, որ երբ 2000 թվականի փետրվարին Օզանյանը վերահուղարկավորվեց հայրենի հողում, մեր հողն ավելի սրբացավ:

Նա իր հետ բերել էր Զորավար Անդրանիկի նկարը, որը ժառանգություն էր մնացել իրեն՝ որպես իր զինվորներից մեկի թոռ. «Սա այն վերջին նկարն է, որ Զորավար Անդրանիկը հեռանում էր Հայաստանից»:

Նա նշեց, որ Օզանյանը ոչ միայն բարձր զիվորական էր, այլ նաեւ բարձր մտավորական. «Իր օրոք մենք ունեցել ենք համարձակ, քաջ մտավորականներ՝ Դերենիկ Դեմիրճյանը, որը առաջին հայացքից վտիտ արտաքինով էր, բայց Սարդարապատի հերոսամարտին կամավորների ջոկատն է առաջնորդել»: Ըստ Մանասերյանի, Դեմիրճյանի, Օզանյանի կերպարներով պետք է այսօրվա սերունդները դաստիարակվեն:

Բժիշկ Տիգրան Գրիգորյանն իր ելույթում ասաց, որ 44-օրյա պատերազմին, այն, ինչ ապրեցինք, մեծ ցավ է, բայց այն, ցավոք, համազգային բնույթ չկրեց. «Կասեք՝ մենք սովոր ենք լացենք, ողբանք: Ո՛չ, սա լացի ու ողբի ցավ չի, սա վիրավորվածության ցավ է: Սա այն պարտության ցավն է, որտեղ մենք կորուստ տվեցինք ե՛ւ հայրենիք, ե՛ւ զավակներ, ե՛ւ ազգի բարոյահոգեբանական կերպար, դիվանագիտություն, դաշնակցային շահեկան փոխհարաբերություն եւ կորցրեցինք մեր ազգային դիմապատկերը: Կորցրեցինք այն  հնարավորությունը, որ մեր զավակները եւս մեկ անգամ նայելով իրենց նախնիների կյանքին, ասեն, որ դա հերոսապատում էր»:

Նա դիմեց հայերին. «Դո՛ւ հայ, որ ապրում ես քո հողի վրա, դա ընդամենը բնակավա՞յր է, թե՞ հայրենիք, ես խնդրում եմ, որ դու քեզ այդ հարցը տաս այս սուրբ օրով՝ մեր Զորավարի շիրիմի մոտ: Ես խնդրում եմ, որ դու, երբ հայելու մեջ նայես, նորից ու նորից քեզ այս հարցը տաս՝ դու ՀՀ հպարտ քաղաքացի՞ ես, ըստ Նիկոլի, թե՞ դու այս հայրենիքի պահապանն ես, թե՞ դու ունես Հայաստանը՝ որպես քո կորսված հայրենիքի վերջին պատառը, որի համար պատրաստ ես կանգնելու մինչեւ վերջ ու պայքարելու: Սիրելի՛ հայ, ինչ ունես ծախիր, զինվի՛ր: Զինվի՛ր, քանի հնարավորություն ունես ու քանի դեռ այդ փոքր ժամանակն ունես զինվելու, որովհետեւ զինված տան վրա, տեսնելով, որ հայրը, զավակները զինված են, ոչ մի թշնամի չի ուզի գլուխ դնի, կասի՝ խելառների հետ գործ չունենք: Մի քիչ տղայական կռվարարությունը ձեր մեջ արթնացրեք՝ անկախ տարիքից՝ 10 տարեկան ես, թե 100: Մենք ճակատամարտ ենք տանուլ տվել, բայց պատերազմը դեռ առջեւում է: Ուզում եք գլուխներս խոնարհենք թուրքի առա՞ջ, թե՞ պատրաստվում ենք մեծ հաղթանակի: Մենք մեր դրոշը դեռ չենք խոնարհել թշնամու ոտքերի տակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28