ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունն այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հավաք էր կազմակերպել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ներկայացուցչին փոխանցելով պահանջները: Արցախի հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային հուշարձանների հայկական ինքնությունը վտանգված է: Ադրբեջանի կողմից պետական մակարդակով եւ լայն թափով իրականացվում է մշակութային հերթական ցեղասպանությունը: Կազմակերպությունը գտնում է՝ քանի որ այդ ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների իշխանությունների կողմից որեւէ առարկայական քայլ չի ձեռնարկվում, Արցախի հայկականության պահպանման գործին պետք է հետամուտ լինի ողջ հայությունը:
Ցույցի ժամանակ «Նիկոլ Աղբալյան» միության անդամ Տիգրան Չանդոյանը հայտարարեց. «Այս հավաքով մեր լրջագույն անհանգստությունն ու մտահոգությունն ենք արտահայտում՝ օրեր առաջ Ադրբեջանի հանրապետություն անվամբ արհեստածին կազմակերպության այսպես կոչված մշակույթի նախարարի կողմից հնչեցված մի հայտարարության վերաբերյալ, որի մասին ո՛չ որեւէ միջազգային կազմակերպության կողմից, ոչ էլ գործող իշխանությունների կողմից որեւէ արձագանք չտրվեց: Մասնավորապես, խոսքը վերաբերվում է Ադրբեջանի մշակույթի նախարարի հնչեցրած այն հայտարարությանը, որ մշակույթի նախարարությունը ձեւավորել է հատուկ մասնագետների հանձնախումբ, որը զբաղվելու է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող այսպես կոչված ալբանական պատմամշակութային պատմական կոթողների ինքնության վերականգնմամբ: Տարօրինակ է, որ 100-ամյա պետությունը խոսում է ավելի քան 1000-ամյա մշակութային արժեքների ինքնության մասին»: Կազմակերպության անդամները իրենց այս մտահոգության մասին նամակով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ներկայացուցչությանը, որտեղ միջազգային իրավունքի ակտերի մեջբերմամբ կոչ են անում թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, եւ թե՛ ՄԱԿ-ին զբաղվել իրենց կանոնադրությամբ իրենց վերապահված պարտավորությունների կատարմամբ:
Կարդացեք նաև
Չնդոյանն ասաց, որ հարեւան պետության կողմից ջանքեր են գործադրվում մեզանից օտարելու մեր հոգեւոր հայրենիքը. «Արցախը մեզ համար անվտանգության երաշխավոր տարածք լինելուց բացի նաեւ սրբազան հոգեւոր հայրենիք է եւ այս մասին կարող է հաստատել արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հայորդի»:
Նա հիշեցրեց Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստը, Բաքվում եւ Գանձակում գտնվող հայկական եկեղեցիների վրայից հայկականության վկայությունների մաքրումը: Հիմա էլ նման ծրագրավորված գործողություներն են անում Արցախի օկուպացված տարածքներում. «Քանի որ ՀՀ-ն անդամակցում է միջազգային որոշ կազմակերպությունների ու այդ կազմակերպություններն ունեն միջազգային իրավունքով սահմանված պարտավորություններ, սկզբում մենք մեր պարտքն ենք համարում միջազգային օրենքների սահմաններում մեր մտահոգությունը հայտնել եւ սպասել պատշաճ եւ տրամաբանված պատասխանի»:
Տիգրան Չանդոյանը նշեց, որ սա, ըստ էության, հուսահատ քայլ է, որովհետեւ ունենք պետություն, համապատասխան կառույցներ, բայց՝ «ձայն բարբառո հանապատի». «Մենք փաստեր ունենք, որ օկուպացված տարածքներում մշակութային ցեղասպանություն է տեղի ունենում: Շուշիի Կանաչ ժամն արդեն գոյություն չունի, Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքը լրիվ փոփոխության է ենթարկվել, որը վանդալիզմի դրսեւորում է, իսկ թե ինչ է տեղի ունեցել օկուպացված տարածքներում գտնվող մյուս կոթողների հետ, մենք չենք կարող ասել: Սա միջազգային կազմակերպությունների անտարբերության հետեւանք է նաեւ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ