Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ջհանգիրյանն անգամ եթե ուզի, չի կարող որեւէ ճնշում գործադրել»․ ԲԴԽ անդամ

Փետրվար 25,2022 16:17

«Քննադատություններին առողջ, ողջամիտ ձեւով եմ անդրադառնում։ Գտնում եմ, որ ԲԴԽ-ն որոշումը կայացրել է օբյեկտիվորեն՝ փաստական հանգամանքներից ելնելով»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Չիչոյանը՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնին թույլտվություն տալու ԲԴԽ որոշման շուրջ քննադատություններին։

Հարցին՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից ուղղորդում եղե՞լ է, որ ԲԴԽ անդամները կողմ քվեարկեն, Չիչոյանը պատասխանեց․ «Պարոն Ջհանգիրյանն ընդամենը խորհրդի անդամ է, իսկ այս պահին՝ նախագահի պաշտոնակատար։ Իհարկե, նման ցանկություն իր կողմից չեմ տեսել, բայց անգամ եթե ուզի էլ, չի կարող որեւէ ճնշում գործադրել։ Նա մեկ ձայնի իրավունք ունի, ինչպես եւ ԲԴԽ մյուս անդամները»։

Ինչ վերաբերում է դատավոր Վազգեն Ռշտունու հայտարարությանը, թե իր հանդեպ թիրախավորում կա, Սերգեյ Չիչոյանը նշեց․ «Չգիտեմ, թե նա ինչ հանգամանքներում է նման գնահատականներ հնչեցրել, բայց ես թիրախավորում չեմ տեսել։ Արդարադատության նախարարը բերել է վարույթ, որը կքննվի եւ պարզ կլինի՝ Ռշտունին արարք թույլ տվե՞լ է, թե ոչ։ Առհասարակ, նման հիմքեր չկան այդպիսի պնդումներ անելու։ ԲԴԽ-ն օբյեկտիվ է աշխատում իր լիազորությունների շրջանակում»։

Լրագրողները նաեւ նշեցին, որ ավելացել է արդարադատության նախարարության կողմից դատավորների հանդեպ հարուցված կարգապահական վարույթների թիվը, նպատակը պատժե՞լն է։ Սերգեյ Չիչոյանը պատասխանեց․ «Չէ, պատժելով չի։ ԲԴԽ-ն քննարկում է վարույթները։ Իսկ թե ինչու է նախարարությունն ակտիվացել, ես չեմ կարող ասել։ Ենթադրաբար, բողոքներն են շատացել, քաղաքացիները բողոքներ են հղել նախարարություն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28