Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պետության անվտանգության թիվ 1 սպառնալիքն այսօրվա իշխանությունն է». Ռուբեն Մելքոնյան

Փետրվար 25,2022 15:59

«Մենք 2-3 խնդիրների վրա պետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունը. առաջինը Պուտինի հետաքրքիր ելույթն էր, որը նաեւ պատմագիտական դասախոսություն էր, զուգահեռներ… Լենինի դերակատարությունը Ուկրաինա պետության ստեղծման հարցում լիովին տեղավորվում է նաեւ մեր տարածաշրջանի համատեքստում: Եթե Ուկրաինան անվանվում է Լենինի անվան, ապա Ադրբեջանն էլ նմանատիպ ծագում ունեցող եւ այս տարածաշրջանում արհեստական անունով, արհեստական ատրիբուտներով ներդրված պետություն է:

Երկրորդ հանգամանքն այն է, որ Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունենում պետության հետ, երբ պետությունը վստահվում է պոպուլիստներին, տգետներին եւ պետական կառավարումից հեռու մարդկանց: Այն միֆը, թե ժողովուրդը երբեք չի սխալվում, հիմա արդեն չի գործում: Չեմ կարծում, թե ուկրաինացի ժողովուրդը ձայն էր տվել Զելենսկուն, որպեսզի տեղի ունենա այն, ինչ հիմա է տեղի ունենում»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով վերջին զարգացումներին` նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա ձեւակերպմամբ. «Այդ նույնը մենք ավելի քան լավ ենք պատկերացնում, քանի որ 2018-ից սկսած եւ հիմա մեր պետության անվտանգության թիվ 1 սպառնալիքը մեր այսօրվա իշխանությունն է, մեր ժողովուրդը սխալվել է 2018 եւ 2021 թվականներին, եւ սա երեւի թե պետականություն ունենալու պատմության ողջ ընթացքում նրա գործած ամենամեծ սխալն է: Հիմա տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ պետության ղեկավարումը եւ պոպուլիստական հայտարարություններն ու այլ զբաղմունքներն իրար հետ որեւէ կապ չունեն:

Այն պետությունները, որոնք ժողովրդին սիրող, ժողովրդի առջեւ խոնարհվող ղեկավարներ ունեն, ըստ էության բռնել են պետության գոյությունը դադարեցնելու ճանապարհ: Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, դրա ամենախոսուն ապացույցներից մեկն է: Կարծում եմ`դա շատ հետաքրքիր դաս պետք է լինի մեր այն քաղաքացիների համար, որոնք իրոք մտահոգված են պետության պահպանությամբ»:

Ռուբեն Մելքոնյանը հավելում է. «Վերեւում նշված հանգամանքներից երրորդն էլ այն է, որ նացիզմը բառիս բացասական ու ամենախորը իմաստով երբեք չի կարող խաղաղության, հարեւանների, առավել եւս եղբայրական երկու ժողովուրդների միջեւ խաղաղության լավ պլատֆորմ ստեղծել: Եվ այն ատելությունը, որ տարածվում է Ուկրաինայում, եւ այդ ատելության զուգահեռը, որ այստեղ դրսեւորվեց սեւ-սպիտակի միջոցով մարդկության նորօրյա սպառնալիքներից է, երբ հասարակությունը բեւեռացնում է, թշնամացնում է իրար հետ: Մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք ավելի շատ ատում են այս հասարակության մյուս շերտին, քան Էրդողանին ու Ալիեւին»:

Թուրքագետը որպես քաղաքացի Ուկրաինայի վերաբերյալ իր դիրքորոշումն էլ հայտնեց. «Այնպես է ստացվել, որ Ուկրաինան միջազգային քաղաքականության մեջ մեզ հակադիր ճամբարում է եղել եւ շատ հարցերում սատարել է Ադրբեջանին` սկսած միջազգային հարթակներում քվեարկումից, վերջացրած տարբեր հայտարարություններով: Մենք հիշում ենք հատկապես վերջին դրվագը, երբ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը նկարվում էր Շուշիում եւ տարատեսակ գրություններ էր անում: Ուկրաինացի ժողովրդի եւ ուկրաինական մշակույթի հանդեպ մենք ունենք հարգանք, բայց քաղաքական առումով տարբեր ճամբարներում ենք:

Եվ ես հիմա չեմ հասկանում այն ակտիվիստներին, այն գործիչներին, ֆեյսբուքյան ակտիվ գրագիրներին, որոնք կուրծք են ծեծում Ուկրաինայի համար, քննադատում են Ուկրաինային քննադատողներին եւ միտինգներ են անում Ռուսաստանի դեսպանատան առաջ: Ի դեպ, միտինգը փոքրաթիվ էր, որովհետեւ միտինգի մասնակիցների մի մասը արդեն կառավարության տարբեր մասնաշենքներում է, իրենք չեն միացել միտինգին… Ես հիշում եմ, որ ժամանակին ՌԴ դեսպանատան դիմաց համանման միտինգներ էին անում այսօրվա բարձրաստիճան շատ պաշտոնյաներ` սկսած արտգործնախարարից, կառավարության աշխատակազմի ղեկավարից եւ տարբեր պաշտոնյաներից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28