Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրկենք Արցախը». Հրանտ Բագրատյանի եւ Արամ Սարգսյանի նոր նախաձեռնությունը

Փետրվար 25,2022 15:44

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ստանձնել են Արցախի հանրապետության ճանաչման գործընթացն աշխուժացնելու հանձնառություն: Նրանց միացել են բազմաթիվ մտավորականներ, տարբեր ոլորտներից գործիչներ՝ Հայաստանում, Սփյուռքում:

Նախաձեռնությունն ապաքաղաքական է: ԱՀ ղեկավարության սատարումը ստանալու նպատակով, նախաձեռնության անդամներն օրերս նաեւ Արցախ էին մեկնել:


Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հրանտ Բագրատյանը ներկայացրեց նախաձեռնության շարժառիթները: «Վերջին ամիսների մեր շփումներն Արցախի հետ լավ բաներ չեն ասում: Գործնականում, Հայաստանում լուրջ շարժում չկա ԱՀ ապագայի տեսլականի մասով: Իսկ դրա կարիքը կա: Ոչ միայն Արցախը կողմ չէ, այլեւ Հայաստանն էլ կողմ չէ եւ մենք տեսնում ենք, թե ինչպես են այլ պետությունները ինչ-որ հարցեր քննարկում ԱՀ կարգավիճակի հետ կապված: Հասարակության ներսում չկա էնտուզիազմ՝ խնդրի շուրջ: Արցախի մեր ընկերներն ասում են, որ իրենք մենակ են մնացել. անխտիր, բոլորը: Թե սրա վերջն ինչ է լինելու մի երեք տարի հետո, պարզ չէ: Այսինքն, ամեն ինչ պարզ է՝ ոչ մի լավ բան չի լինելու: Այդ պատճառով, մեզանից շատ բան է կախված, թե ինչպես ենք պայքարում հայկական հողի այդ հատվածի համար: Մինչդեռ տնտեսապես եւ քաղաքական էներգիայով Արցախը կա: Մարդիկ, մեծ մասը, չեն լքում Արցախը, բացառությամբ Շուշիից եւ Հադրութից տեղահանվածները, որոնք դեռ չեն վերադարձել Արցախ: Բնակչության 85-90 տոկոսն այնտեղ է: Նրանք մեծ հույսեր ունեն»:

Նախաձեռնության նպատակն է՝ ծավալել շարժում՝ «Փրկիր Արցախը», որը կմիավորի հայերին՝ հանուն Արցախի պահպանման:

Մանրամասները՝ տեսանյութում

Արամ Սարգսյանն էլ նկատեց, 1994 թվականին կային բոլոր հնարավորությունները՝ ստիպելու Ադրբեջանին՝ ճանաչել Արցախի ձեւավորման օրինականությունը եւ անկախ գոյությունը, ինչը չի եղել: Հիմա կան 44-օրյա պատերազմի չհաղթահարված հետեւանքներ: Նրա գնահատմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այս պահին որեւէ բան փոխել հնարավոր չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է համակերպվել այդ փաստաթղթի բովանդակության հետ: Ինչեւէ, այս շարժումն, ըստ բանախոսի պետք է ցույց տա հայության միասնականությունը, որի վերջնական նպատակը լինելու է ազգային համաձայնության խորհրդի ստեղծումը եւ համահայկական համաժողով հրավիրելն Արցախում: Նախաձեռնության հեղինակները ակնկալում են, որ իշխանությունն էլ խոհեմ կգտնվի եւ կմիանա նախաձեռնությանը:

Արամ Սարգսյանի փոխանցմամբ, ԱՀ իշխանությունները նույնպես ողջունել են նման նախաձեռնությունը: Բանախոսի համոզմամբ, եթե ՀՀ իշխանությունը միավորեր հայությանը, ոչ թե պառակտեր, կարողանար բարեկամ երկրների աջակցությունը ստանալ, անգամ Թուրքիայի մասնակցությամբ պատերազմում մենք տանուլ չէինք տա. «Ուկրաինայի պատերազմը ցույց է տալիս, որ Բայրաքթարներին կարելի էր խփել եւ վերացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղերձին միանալու ստորագրահավաքը կմեկնարկի երեքշաբթի օրը:


«Ստեփանակերտում, երեկոյան, բոլոր պատուհանները լուսավորված էին: Ստեփանակերտում ազատ բնակարան չկար: Մարդիկ այստեղ ապրում են, չեն գոյատեւում: Ավելին, ցանկանում են հարատեւել: Նրանք հույսը դրել են ռուս խաղաղապահների վրա: Վեց ամիս ՀՀ իշխանությունից եւ տարբեր կառույցներից որեւէ մեկը ոտք չի դրել Արցախ»,- ասաց Արամ Սարգսյանը՝ նկատելով, որ Արցախի հանդեպ այսպիսի վերաբերմունքն ուղղակի անթույլատրելի է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28