«2014 թվականից ի վեր այն, ինչ տեղի է ունենում Արեւելյան Եվրոպայում, հատկապես՝ Ուկրաինայի շուրջ, վաղ թե ուշ հանգեցնելու էր այս իրավիճակին: Ուկրաինայի իշխանությունների պոպուլիզմի պատճառով եկավ եւ հանգեց այսպիսի բախման»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա համոզված է, որ ռազմական բախումը կտանի վերջանական հանգուցալուծման, որովհետեւ արդյունքում Ուկրաինան ստիպված է լինելու հաշվի նստել Ռուսաստանի անվտանգային շահերի հետ: Նրա խոսքով, Ուկրաինան պետք է հրաժարվի իր «պոպուլիստ իշխանություններից» եւ պահպանի չեզոքություն՝ համապատասխան արտաքին քաղաքականություն վարելով:
Արտակ Զաքարյանը գրեթե վստահ է, որ այս իրավիճակում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը օրակարգային չէ:
Ըստ Արտակ Զաքարյանի, պոպուլիզմը, իրականում, չարիք է բոլոր երկրների եւ ժողովուրդների համար:
Կարդացեք նաև
Արտակ Զաքարյանը կարծիք հայտնեց նաեւ, որ այս զարգացումների ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները դեպի աղբանոց են գնալու. «Այդ զարգացումներում Թուրքիայի դերակատարումը միջազգային ասպարեզում նվազած է լինելու, որովհետեւ այս բախման ընթացքում Թուրքիայի համար եւս խնդիր է կողմնորոշվելը: Թուրքիան դեռեւս մանեւրում է: Ավելի հստակ է դիրքորոշումը Չինաստան, Իրան հատվածում եւ հստակ է, որ աստիճանաբար ձեւավորվում է բավականին ուժեղ բեւեռ: Եվ այս քաղաքականության մեջ այն հիմնական հենարանները, որոնք մենք ունենք, ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի հենարանն է, որը մենք պետք է միշտ ողջունենք»:
Անդրադառնալով ՀՀ իշխանություններին, ասաց, որ նրանք արտաքին քաղաքականության մասով պարալիզացված են եւ, եթե արտաքին քաղաքական վեկտորների շրջանակներում ճիշտ չկողմնորոշվեն գոնե այս իրավիճակում, ունենալու ենք նոր խնդիրներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ