Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի դեմ․ ամփոփ

Փետրվար 25,2022 14:55

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է, որ պայմանավորվել են «Մեծ յոթնյակի» առաջնորդների հետ, որպեսզի համատեղ սահմանափակեն Ռուսաստանի հնարավորությունները գործարքներ կատարել դոլարով, եվրոյով, ֆունտով և յենով և այդպիսով թույլ չտան նրան մնալ համաշխարհային տնտեսության մաս:

Ազդարարելով պատժամիջոցների նոր փաթեթը՝ Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը կխաթարի Ռուսաստանի հնարավորությունը՝ ֆինանսավորել և ուժեղացնել իր ռազմական ուժերը, պատժամիջոցները կխաթարեն երկրի մրցակցային հնարավորությունները բարձրտեխնոլոգիական 21-րդ դարում:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Դալիպ Սինգխը ասել է, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ պատժամիջոցների բացասական ազդեցությունը կերևա առաջիկա ամիսներին՝ հանգեցնելով ռուբլու թուլացմանը, կապիտալի հեռացմանը, ներդրումների և վճարունակության նվազմանը:

Ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված բանկերից մեկը Սբերբանկն է: Բայդենն ասել է, որ այդ բանկում են պահվում Ռուսաստանի ֆինանսական ակտիվների մեկ երրորդը: Ի դեպ, բանկի նախագահ Գերման Գրեֆը դիմել է աշխատողներին՝ կոչ անելով պահպանել բանկի բնականոն աշխատանքը:

«Սառնասրտություն պահելով՝ մենք պետք է կենտրոնանանք հիմնական առաջադրանքների և առաջնահերթությունների վրա. մենք պետք է ապահովենք մեր գործառույթների բնականոն աշխատանքը, բիզնեսի անխաթար աշխատանքը՝ ի շահ Ռուսաստանի բնակիչների»,- ասվում է Գրեֆի նամակում:

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը, միաժամանակ, հաստատել է ՎՏԲ-ի, Սբերբանկի, «Օտկրիտիեի», Սովկոմբանկի և Նովիկոմբանկի դեմ պատժամիջոցները: Այդ բանկերի բաժնետոմսերի և բանկային պարտավորությունների հետ կապված գործարքները կդադարեցվեն մինչև մայիսի 25-ը:

Լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ նախագահը պատժամիջոցների մասին խոսելիս չհիշատակեց SWIFT վճարային համակարգից Ռուսաստանն անջատելու մասին, իսկ ի պատասխան լրագրողների հարցի՝ ասաց, որ ընդունվել են շատ ավելի կոշտ միջոցներ, քան դա: Նա հավելել է, որ այդ տարբերակը դեռ մնում է զինանոցում, բայց առայժմ չի օգտագործվի:

Բայդենը նաև նշել է, որ պատժամիջոցների ցանկում ավելանում են ռուսական իշխող վերնախավի մի շարք դեմքեր և նրանց ընտանիքների անդամները:

Երեկ Եվրամիության ղեկավարները արտահերթ նիստում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը: Պատժամիջոցները տարածվում են ֆինանսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտների, երկակի նշանակության ապրանքների, վիզաների քաղաքականության վրա, ինչպես նաև ենթադրում է պատժամիջոցների տակ գտնվող ֆիզիկական անձանց համալրում: Ըստ Եվրամիության առաջնորդների՝ նոր սահմանափակումները կհանգեցնեն «լայնածավալ և լուրջ հետևանքների» Ռուսաստանի համար:

Այսօր ավելի վաղ ռուսական ՏԱՍՍ գործակալությունը գրել էր, որ Եվրամիության առաջնորդները մշակում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթը: Մասնավորապես, ըստ գործակալության, ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտահերթ գագաթնաժողովի ողջ ընթացքում փետրվարի 25-ի գիշերը զբաղված են եղել փաթեթի մշակմամբ: Նշվում է, որ քննարկվող պատժամիջոցներից է Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելը, սակայն նման քայլի դեմ հանդես է գալիս Գերմանիան: Նաև քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սև ցուցակ գցելու հարցը, բայց կրկին, որևէ հստակ որոշում այդ հարցի շուրջ չկա:

Երեկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին էր հայտարարել նաև Ֆրանսիան: Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը նշել էր, որ Եվրամիությունից հետո Ֆրանսիան իր պատժամիջոցներն է սահմանում՝ի պատասխան Ուկրաինայի դեմ ագրեսիայի: Նրա խոսքով՝ իրենց պատժամիջոցների տակ են հայտնվելու Ռուսաստանի մի շարք քաղաքացիներ:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28