Ermenihaber. Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմագործողությունների հետևանքով Կիևը դիմել էր Անկարային՝ խնդրելով ռուսական ռազմանավերի համար փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները:
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ասելով, որ եթե նույնիսկ Թուրքիան փակի նեղուցները ռազմանավերի համար, միևնույնն է, չի կարող թույլ չտալ ռուսական ռազմանավերի վերադարձը դեպի իրենց բազաներ:
Նա մասնավորապես ասել է. «Կան իհարկե միջոցներ, որոնք Թուրքիան կարող է ձեռնարկել պատերազմող երկրների նկատմամբ, այն դեպքում, երբ ինքը պատերազմի կողմ չէ: Թուրքիան կարող է արգելել նեղուցներով ռազմանավերի անցումը: Սակայն Մոնտրոյի կոնվենցիայում այսպիսի մի դրույթ կա, ըստ որի՝ եթե պատերազմին մասնակից երկրները դիմեն իրենց նավերը բազաներ վերադարձնելու պահանջով, ապա պետք է թույլատրել»:
Թուրք նախարարը տեղեկացրել է նաև, որ իրենց մասնագետները այժմ քննարկում են այն հարցը, թե արդյոք ներկա իրավիճակը թույլ է տալիս իրավականորեն ընդունել, որ առկա է պատերազմական դրություն: Ըստ նրա՝ եթե իրավական առումով ընդունեն պատերազմական վիճակի առկայությունը, ապա գործընթաց կսկսեն և Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն կարգելեն ռազմանավերի անցումները: Սակայն նույն կոնվենցիայի 19,20 և 21-րդ կետերի համաձայն՝ նույնիսկ այդ դեպքում չեն կարող արգելել Սև ծովի ափամերձ երկրների ռազմանավերի վերադարձը իրենց բազաներ: