Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը մնալու է նույնը՝ ձևավորել սոլիդ վերնախավեր, որոնք թույլ չեն տա նոր աղետներ. Վահե Հովհաննիսյան

Փետրվար 25,2022 13:44

Պատմական խելագարության ճամփաբաժանն ու հնարավոր ելքերը

Նկարի մի կեսը Երևանից է, մյուսը՝ Կիևից։ Իսկ ամբողջության մեջ նկարն այն մասին է, թե ինչ է լինում պետությունների հետ, երբ փողոցից իշխանության են գալիս պատահական մարդիկ։

Այս նկարը ժողովուրդների և պետությունների ողբերգության մասին է։ Մեկը՝ փոքր, կիսաշրջափակված Հայաստանի, որն անհավատալի ջանքերով կարողացավ պետականություն վերականգնել ու երկրորդ հայկական պետություն՝ Արցախ կայացնել, մյուսը՝ Եվրոպայի մեջտեղում, բարեկամ պետություններով շրջապատված՝ 40 մլն բնակչությամբ Ուկրաինան։

Երկուսի ողբերգության հիմքում իրականում անձերը չեն։ Սխալ է ասել, որ միայն Նիկոլը կամ Զելենսկին կործանեցին պետությունները։
Նրանք իշխանության են եկել խոշոր ընտրազանգվածների աջակցությամբ, բայց դա´ էլ ամենակարևորը չէ։ Նրանք կարողացել են պետությունները տանել խոշոր վթարների, որովհետև այդ ժողովուրդները չեն ունեցել լուրջ պետական մտածողությամբ վերնախավեր։
Չի եղել ոչ մի մեխանիզմ, որը դեպի աղետ ճանապարհի որևէ հատվածում կկանգնեցներ նրանց։

Երբ Նիկոլը գոռում էր «Արցախը Հայաստանն է և վերջ», երբ հայտարարում էր, որ «բանակցում է իր նոր կետից», մի 20 հոգի հազիվ Հայաստանում հասկացան ու ահազանգեցին, որ այդ ճանապարհը տանում է պատերազմի։ Կամայական թիվ չեմ ասում, հարկ եղած դեպքում անվանապես կնշեմ. հաստատ ավելին չէին։

Երբ Զելենսկին Բայդենների, ամերիկյան և եվրոպական չինովնիկների դատարկ խոստումների տակ դեպի երազանքների ՆԱՏՕ և հակառուսականության քաղաքականություն էր տանում, ուկրաինական վերնախավը մերի պես ամուլ և դատարկ էր։ Ագրեսիվ անմիտները եղանակ էին ստեղծում, իսկ գրագետ կոնֆորմիստները լռում էին։ Կարծում եմ՝ ծանոթ պատկեր է։

Ուկրաինական պատերազմը ինչ-որ պահի կանգնելու է։ Խնդիրը մնալու է նույնը՝ ձևավորել սոլիդ վերնախավեր, որոնք թույլ չեն տա նոր աղետներ։ Ուկրաինան ուներ հնարավորություններ՝ խուսափելու աղետից, բայց չկարողացավ, Ուկրաինան ունի հնարավորություններ՝ աղետից հետո վերականգնվելու, եթե անի հետևություններ։

Հայաստանը կկարողանա՞ վերականգնվել. շատ դժվար է լինելու։ Բայց առաջին քայլը հետևություններ անելն է, հետո՝ այդ հետևությունների հիման վրա նոր լուրջ քաղաքական հասարակական համակարգեր ստեղծելը։ Հետո արժանապատվության և պրագմատիզմի հենքի վրա վերականգնումն է։ Ու մեկ էլ տեսար՝ պատմական խելագարության հերթը հասնի Ադրբեջանին։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28