Օրերս Վանաձորում բացվեց 110 ծառայություններով քաղաքացիական կենտրոն: Ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, փոխվարչապետը, Երեւանից ժամանած հյուրեր:
«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը (լուսանկարում) քաղաքի համար դրական համարելով կենտրոնի բացումը, միաժամանակ նշեց, որ ցավալի է համարում այն փաստը, երբ քաղաքում տեղի է ունենում նմանօրինակ մեծ միջոցառում, սակայն ավագանու անդամներն այդ մասին տեղեկացված չեն լինում. «Երբ որ լուսանկարները տեսա, ես այնտեղ Վանաձորից գրեթե մարդ չտեսա: Ինձ համար ցավալի է, որ տեղեկացված չեմ եղել, պետք է ավագանին տեղյակ լինի: Քաղաքում նման իրադարձություն է լինում եւ մենք ակնկալում ենք հանրային ծառայությունների որակի բարձրացում, իսկ ավագանին նաեւ շահագրգռված է այս հարցում, որ հանրային ծառայությունները բարձր մակարդակով լինեն, սակայն ավագանին տեղեկացված չէր»:
Ավագանու անդամի խոսքով՝ քանի որ այս պահին Վանաձորը չունի քաղաքապետ, չունի փոխքաղաքապետ, նման իրադարձություններին գոնե պետք է ավագանին ներկա գտնվի. «Եթե պատգամավորներին հրավիրում են, ավագանուն եւս կարելի է համարել հավասարազոր պատգամավորին՝ քաղաքի մակարդակով»:
Տիկին Քալանթարյանը հարցը արծարծել է նաեւ ֆեյսբուքյան հարթակում: Կազմակերպիչների կողմից արձագանք չի ստացել, սակայն այլ անձանց կողմից արձագանք ամեն դեպքում եղել է. «Գուցե չեն տեսել, չեն ծանոթացել, չեն կարդացել: Ինձ ասացին, որ արդարադատության նախարարությունն է ուղարկել հրավերները, բայց կարծում եմ, որ պետք է ներքեւից կորեկցիա անել: Միտում չեմ տեսնում, պարզապես կուզեի ուշադրություն դարձնեին Երեւանից դուրս մյուս քաղաքներին: Արդարադատության նախարարությունը գուցե շատ հարցում տեղյակ չէ: Հետո իրենց համար Վանաձորը շատ հեռու է եւ փոքրիկ, անգույն ու դժգույն քաղաք է»:
Կարդացեք նաև
Ավագանու անդամը նշում է, որ գուցե իրենք հարցեր ունեին հղելու Երեւանից ժամանած հյուրերին, իսկ սա նրանց հետ հանդիպելու լավագույն առիթն էր. «Ամեն օր մենք այդպիսի հյուրեր՝ փոխվարչապետի ու նախարարների մակարդակով չենք ունենում: Գուցե ավագանին հարցեր ուներ ուղղելու փոխվարչապետին: Ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ նման ծառայություն է մատուցվելու, հուսով եմ, որ այն լավ ու երկար կծառայի»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ