Ermenihaber. Ռուսական կողմի հարվածներից ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 օբյեկտ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռադիոտեղորոշման և հակաօդային պաշտպանության համակարգեր, թուրքական արտադրության 4 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Ուկրաինայի զինված ուժերը նույնպես հաղորդում են ռուսական կողմի կորուստների մասին: Պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ սևծովյան շրջանում օգտագործել են «Բայրաքթար» ԱԹՍ-ներ: Նա հայտնել է նաև երկրի տարբեր շրջաններում ռուսական տանկերի, զրահափոխադրիչների և ուղղաթիռների խոցման մասին:
Ռուսաստանի հայտարարած ռազմական հատուկ գործողությունը շարունակվում է: Ուկրաինայի որոշ բնակավայրեր անցել են ռուսական ուժերի վերահսկողության տակ, հաղորդվում է զինտեխնիկայի տեղաշարժի և ռազմական օբյեկտների թիրախային խոցման մասին: Առանձին շրջաններում Ռուսաստանի և Ուկրաինայի ուժերի միջև մարտեր են ծավալվում: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և մի շարք քաղաքներում միացվել է օդային տագնապի ազդանշան: