Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ընթացքում, որը նվիրված էր նաեւ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին, ստորագրվեց դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագիր, որով հայտարարվեց ռուս-ադրբեջանական կապերի զարգացման նոր փուլ։ Այս թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեցինք ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովին։
– Կրեմլում ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագիրը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։
– Ոչ մի կերպ չի անդրադառնա, քանի որ այն բազմակի անգամներ է հայտարարվել Մոսկվայի կողմից: Բայց համաձայնագիրը կարող է Երեւանում առաջացնել զգուշավորություն: Ինչու, որովհետեւ Երեւանի պաշտոնական հռետորները հաճախ այնպիսի փաստեր են ներկայացնում, որ տարածաշրջանում Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է, թեեւ մինչ այդ համաձայնագիրն էլ հասկանալի էր, որ Հայաստանը միակ դաշնակիցը չէ, որովհետեւ Ռուսաստանը տարածաշրջանում ունի եւս երկու դաշնակից` Աբխազիան եւ Հարավային Օսիան:
Երկրորդ․ չեմ քննարկելու, թե որքան անկեղծ եւ ազնիվ են Երեւանից արված հայտարարությունները ռուս-հայկական դաշինքի վերաբերյալ: Իմ կարծիքով, ինքնին ռուսական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանի տարածքում բավարար հիմք չէ, որպեսզի խոսենք դաշնակցային միության մասին:
Կարդացեք նաև
Ռուս-ադրբեջանական ծավալուն համաձայնագիրն իրականում միասնության մասին է: Եվ միակ բանը, այս փաստաթղթի ստորագրումից հետո, որ կհանգստացնի Երեւանին, այն է, որ եթե ընդհանրապես Երեւանին անհանգստացնում է Արցախի ճակատագիրը, ապա այս փաստաթուղթը` համաձայնագրի շրջանակներում, ստեղծում է փոքր լրացուցիչ հույսեր Արցախի հարցի լուծման խնդրում:
– Հռչակագրի 16-րդ կետում հստակ ասվում է` ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, միմյանց հնարավոր ռազմական օգնության տրամադրման մասին: Եթե Ադրբեջանը երբեւէ կրկին հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը կմիջամտի՞, թե՞ ոչ։ Եվ ինչպե՞ս է ընտրելու, թե իր երկու դաշնակիցներից ում օգնի։
– Նախ, ես չեմ գտնում, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Եթե Ադրբեջանն ուզենար հարձակվել, վաղուց դա արած կլիներ։ Ինչ վերաբերում է՝ Ռուսաստանը պատերազմի դեպքում որ դաշնակցին կընտրի, ասեմ, որ Ռուսաստանը չի անի ընտրություն իր դաշնակից երկու երկրների միջեւ։
Նարինե ՂՈՒԿԱՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում