Լրահոս
Օրվա լրահոսը

Անձի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը ոչ նյութական բարիքներ են. դատարաններում դառնում են փոխհատուցման միջոց

Փետրվար 25,2022 14:00

ՀՀ Սահմանադրական դատարանը 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ արտահայտել էր իրավական դիրքորոշում, համաձայն որի՝ «պետք է առանձնակի վերապահումներով մոտենալ վիրավորանքի համար նյութական փոխհատուցման միջոցների կիրառմանը` նկատի ունենալով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ հանդուրժողականությունն ու լայն հայացքները ժողովրդավարության հիմքում են, եւ արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաեւ հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից»:

ՀՀ սահմանադրական դատարանը նաեւ նշել էր, որ արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձեւերը։ Այսինքն, նյութական փոխհատուցումը նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար: Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության, իսկ հիմա նաեւ «ծանր վիրավորանք» հասցնելու՝ լրատվամիջոցների դեմ գործերով դատարանները հաճախ են հիշատակում ՀՀ վճռաբեկ դատարանի մի որոշման մասին (թիվ ԵԿԴ/1320/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 02/12/16 թվականի որոշում)։ Ըստ Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշման. «Հաշվի առնելով այն, որ անձի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը ոչ նյութական բարիքներ են, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ կետերով օրենսդիրը դրանց հասցված վնասը հատուցելու առաջնահերթ ձեւեր է սահմանել ոչ նյութական միջոցները՝ նյութական կամ ոչ նյութական հատուցման պահանջ ներկայացնելու ընտրության հարցը վերապահելով վիրավորանքի կամ զրպարտության ենթարկված անձին»: Նկատենք, որ անձը կարող է պահանջել օրենքով սահմանված հատուցման ձեւերից մեկը կամ մի քանիսը: Իսկ դա նշանակում է, որ եթե անձը վիրավորանքի կամ զրպարտության համար պահանջել է միայն փոխհատուցման ոչ նյութական միջոց, դատարանը պարտավոր է բավարարվել միայն ոչ նյութական փոխհատուցման միջոց կիրառելով, իսկ եթե անձը պահանջել է հատուցման ե՛ւ ոչ նյութական, ե՛ւ նյութական միջոցներ կիրառել, ապա առաջին հերթին կիրառման է ենթակա հատուցման ոչ նյութական միջոցը եւ միայն դրա անբավարարության դեպքում դատարանը կարող է կիրառել նյութական փոխհատուցման միջոցը: Փոքրիկ «շրջայց» կատարենք դատարաններում, ներկայացնենք առավել ուշագրավ մի քանի գործընթացներ:

Անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Բունիաթյանը վարույթ է ընդունել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հայցադիմումն ընդդեմ Հրանտ Բագրատյանի, «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի՝ զրպարտչական արտահայտությունները հերքել պարտավորեցնելու եւ դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին:

Դատական տեղեկատվական համակարգի համաձայն, այդ գործով մասնակի բավարարվել է պատասխանողի գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը: Ի դեպ, սա առաջին հայցը չէ ֆոնդի կողմից ընդդեմ «Հրապարակի»: Ընդդեմ նշյալ լրատվամիջոցի լրագրողի գործով հայցի առարկան, ի թիվս այլնի, հանդիսանում է նաեւ պատասխանողից հօգուտ հայցվորների գումարի՝ 3.000.000 ՀՀ դրամի բռնագանձումը։ Մինչ վերաքննիչ բողոք բերելը, ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր արգելանք դնելը պատասխանողի գույքի վրա: Վերաքննիչ դատարանի արձանագրմամբ՝ «Հայցվորները իրենց հայցադիմումով նախ պահանջել են ոչ նյութական հատուցում տրամադրել, այն է՝ հրապարակայնորեն հերքել զրպարտչական արտահայտությունների համար եւ ներողություն խնդրել վիրավորանքի համար, այնուհետեւ՝ պահանջել են նաեւ տրամադրել 3 000 000 ՀՀ դրամի չափով նյութական հատուցում։ Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ ելնելով ներկայացված պահանջների առանձնահատկություններից, հայցի հնարավոր բավարարման դեպքում՝ դատարանը նախ առաջնահերթություն պետք է տա ոչ նյութականի հատուցմանը, ապա նոր միայն՝ նյութականին»:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Հովսեփյանի վարույթում է հայցվոր «Դեմի Ֆարմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վ. Գասպարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության («Հետք» լրատվամիջոցի)՝ զրպարտություն համարվող տվյալները հրապարակային հերքելու եւ գումարի բռնագանձման պահանջի մասին: Մարտի 24-ին նշանակված նախնական դատական նիստին վերջնական պարզ կդառնա հայցվորի պահանջները:

Հայցվոր Գ.Հ.-ի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Լ.Հ.-ի եւ «5-րդ ալիք» հեռուստաընկերության իրավաբանական անձ «Շարկ» ՍՊԸ-ի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ դրա դիմաց փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Հայցվորի ներկայացուցիչները միաժամանակ միջնորդություն են ներկայացրել դատարան, որով խնդրել են հայցագնի` 9.000.000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել Լ. Հ.-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա: Միջնորդությամբ նշվել է, որ հայցադիմումով, որպես փոխհատուցում, ներկայացվել է 9.000.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջ, ուստի հայցի ապահովում չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել հետագայում դատական ակտի կատարումը: Դատարանն անցյալ տարվա նոյեմբերի 24-ի որոշմամբ արգելանք է դրել հայցվորի գույքի վրա: Մեր տեղեկությամբ՝ փետրվարի 22-ին նշանակել էր դատական նիստ:

Թիվ ԵԴ/26020/02/20 քաղաքացիական գործով՝ «Մարտի 1-ի գործով» տուժողների իրավահաջորդները՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանը, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանի իրավահաջորդ Մարիամ Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանի իրավահաջորդ Լիլիա Մինասյանը, Գայանե Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանը, Գրիգոր Գեւորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանը եւ Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Ալլա Հովհաննիսյանը դիմել են դատարան՝ ընդդեմ «5-րդ ալիք» հեռուստաընկերության իրավաբանական անձ՝ «Շարկ» ՍՊԸ-ի, Նարեկ Մանթաշյանի՝ հայցվորների եւ նրանց ազգականների պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավն արատավորող զրպարտչական տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, ներողություն խնդրելու, ստորագրված ներողության տեքստը թղթային տարբերակով հայցվորներին տրամադրելու պահանջներով: Դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ այն վարույթ է ընդունվել: Փետրվարի 7-ի նախնական դատական նիստը նշանակել էր դատավոր Ա. Սուքոյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28