Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ գրողի ժողովուրդը չի լսել եւ ցանկություն էլ չունի լսելու»

Փետրվար 25,2022 12:30

Ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը

– Պարոն Միլիտոնյան, վերջերս հրատարակվել է ձեր «Հրեղեն ասքի մոգը» գիրքը՝ նվիրված Եղիշե Չարենցի 125-ամյակին: Ինչպե՞ս ստացվեց, ի՞նչ կտա այն ընթերցողին:

– Ամեն ընթերցող իր չափով է ընկալում այն, ինչ կարդում է: Ասեմ, որ այս գրքի մտահղացումը նոր չէ: Իմ պատանեկան տարիներից Չարենցին նվիրված ստեղծագործություններ ունեմ՝ նրա ոգով, կյանքի ապրումներով, եւ ինձ թվացել է, որ ես մտել եմ այդ աշխարհի մեջ նրա կյանքն ապրելու՝ եւ իր աչքերով, եւ իմ աչքերով նայելու ամեն ինչին: Այս ոճերով էլ գրել եմ իմ առաջին գրքից մինչեւ վերջին՝ «Ժամանակի գիր» ժողովածուն, որտեղ զետեղված է «Չարենցի վերջին աշունը» շարքը: Ես այդ բոլորը գումարեցի, նաեւ 2020-21 թթ. 7 նոր գործ ավելացավ ու ամբողջացավ «Հրեղեն ասքի մոգը» գիրքը, որը ձեւավորեցի գծանկարներով: Թող չթվա, թե ես փորձել եմ լրիվ Չարենցի ոճով, նրա գրելաձեւերն օգտագործելով գրել ստեղծագործություններ ու զետեղել այս գրքում: Հակառակը՝ ես աշխատել եմ նրա ոճից հեռու մնալ, այն, ինչ ես եմ ապրել՝ զգայելով նրա կյանքի ընթացքը:

Չարենցը մեծ աշխատավոր էր: Երեւի չկա հանճար, որ մեծ աշխատավոր չլինի: Ինքն այդ երիտասարդ տարիքում ստեղծեց իր գրականությունը, գրեց հոդվածներ … Այդ ամենը ներշնչել է ինձ:

– Հողը եւ բառը… հո՞ղն է ավելի շատ օգնում բառին, թե՝ հակառակը:

– Այդ ամենը միացյալ հոգի է, մարդը բնության մի տարրն է, կրում է համայն տիեզերքի կոդավորումից երեւի թե բարձրագույն իմաստներ, եւ ինքն այդ իմաստները վերածում է բառի…

– Այսօրվա լեզվամտածողության մասին խոսենք:

– Այսօր տարբեր որակումներ են ի հայտ եկել լեզվամտածողության առումով: Անգամ կարող են գեղեցկախոսությունները համարել գրականություն, որն ինձ համար անընդունելի է: Իմ կեցվածքն այն է, որ յուրաքանչյուր ժամանակ ստեղծում է լեզվամտածողության տարբեր շերտեր: Ես կարծում եմ՝ աշխարհի ժամանակն այնքան կոշտ, կոպիտ է, որ լեզվամտածողությունը, պոեզիայի բառաշխարհը դրանից դուրս չի կարող լինել:

– Գրողի առաքելության մասին շատ է խոսվում, սակայն ցանկանում ենք լսել նաեւ ձեզ:

– Գրողի առաքելությունը պետք է լինի տվյալ ժամանակի կրելն ու ժամանակը գիր դարձնելը: Գրողը պետք է մասնակցություն ունենա մեր ժողովրդի հոգեբանական ծանր վիճակից իր գրով ու խոսքով դուրս բերելու գործին եւ ներշնչելու ապագայի հանդեպ սեր ու ուժ: Հիմա պետք է հիշենք Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը, որն աստիճանաբար գնում է դեպի հույսը, ուժը: Մեր այս կարճ կյանքում թումանյանական աստիճանակարգումներն ապրում ենք եւ պետք է թումանյանական այդ ոգին կրենք բոլորս:

Ես պետք է շատ պարզ ասեմ՝ որեւէ գրողի ժողովուրդը չի լսել եւ ցանկություն էլ չունի լսելու: Բայց մի բան պետք է հորդորեմ, որ գոնե գրողներին կարդան, ոչ թե մտածելով, թե նա պատրաստի դեղատոմս պետք է տա, թե ինչպես ապրել, այլ կարդա եւ լսի գրողի խոսքը, գուցե եւ համաձայն չլինի՝ իր խնդիրն է:

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
24.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28