Մեր դաշնակցի դաշնակիցը՝ մեր թշնամին է, իսկ ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների կառուցման գործարքը կայացել է 44-օրյա պատերազմի շրջանում
Ահա եւ վերջ: Ռուս-ադրբեջանական ռազմավարական բազմամյա սերտ համագործակցությունը՝ քաղաքականից, տնտեսականից եւ ռազմականից թեւակոխեց տրամաբանական փուլ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներ դարձան:
Փետրվարի 22-ին Պուտինն ու Ալիեւը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին: ՌԴ նախագահն արձանագրեց, որ այս փաստաթղթի ստորագրմամբ երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլի սկիզբ է դրվում։ Մոսկվան ու Բաքուն պայմանավորվեցին այսուհետ դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ անվտանգության եւ կայունության ապահովման նպատակով: «Անվտանգության ապահովման, խաղաղության ու կայունության պահպանման նպատակով Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել փոխադարձ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի վրա եւ հաշվի առնելով գործող միջազգային իրավունքը»,- ասվում է ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում։ «Կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից՝ այդ թվում երրորդ պետությունների միջոցով իրականացվող»,- ասվում է փաստաթղթում։
43 կետանոց Հռչակագրի որոշ կետեր, եթե մեկնաբանենք, ապա հստակ կարելի է արձանագրել, որ ռուս-ադրբեջանական դաշինքը Հայաստանի ու Արցախի դեմ բազմաթիվ վտանգներ է ներկայացնում: Նախ հռչակագրի առաջին կետում ասվում է, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը իրենց հարաբերությունները կառուցում են՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, ռուս համանախագահների մակարդակով բազմիցս արձանագրել է, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այնպես որ, սա նորություն չէ, սակայն նոր իրողություններում՝ սա եւս մեկ կարեւոր արձանագրում է:
Կարդացեք նաև
Հռչակագրի 6-րդ կետում ՌԴ-ն ու Ադրբեջանը իրենց պատրաստակամությունն են ընդգծում հրատապ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակների դեպքում, երբ կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ լինել իր երկրի խաղաղությանը, խախտել խաղաղությունը կամ ազդել մեկի անվտանգության շահերի վրա, ինչպես նաեւ՝ դրա կարգավորման նպատակով նման իրավիճակի սպառնալիքի դեպքում:
Հռչակագրի 11-րդ կետում ՌԴ-ն ու Ադրբեջանը վճռականորեն ճնշում են իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների եւ անձանց գործունեությունը, որոնք ուղղված են ընդդեմ մյուսի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։
Իսկ ահա հռչակագրի 18-րդ կետում ՌԴ-ն եւ Ադրբեջանը միավորում են իրենց ջանքերը՝ հակազդելու եւ չեզոքացնելու միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ անջատողականության, կազմակերպված հանցավորության, զենքի, թմրամիջոցների եւ դրանց ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի եւ հանցագործությունների դեմ պայքարում։
Վերոնշյալ կետերը հիմք ընդունելով, մի պահ պատկերացնենք, որ օրինակ՝ Ստեփանակերտում մի փոքրիկ հանրահավաք է կազմակերպվում, որի ժամանակ արցախցիները պահանջում են ռուս խաղաղապահների ներկայությամբ հերթական անգամ սպանված հայի դեպքով արդար հետաքննություն իրականացնել ու պատժել ահաբեկիչներին: Ցանկացած պահի Ալիեւը կհիշեցնի, որ՝ «Ղարաբաղը Ադրբեջանն է» ու Ռուսաստանը պարտավոր է ճնշել «սեպարատիստներին»: Այսինքն, հեռու չեն ժամանակները, երբ ՌԴ պետական քարոզչամեքենան կունենա իրավական հիմքեր՝ հայերի ցանկացած ընդվզում «անջատողական» ու «ծայրահեղական» կոչել՝ դրանից բխող հետեւանքներով, ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղյան շարժման տարիներին «Վրեմյան» էր իրականացնում:
Այսքանը՝ հռչակագրի վտանգավոր դրույթների մասին: Հիմա դառնանք չափազանց կարեւոր մեկ այլ արձանագրման, որն արեց Ալիեւը՝ Հռչակագրի ստորագրման արարողությունից հետո իր ելույթում: Նա ոչ ավել, ոչ պակաս բացահայտեց, թե երբ են Ռուսաստանն ու Ադրբեջանը որոշել հարաբերությունները դաշնակցային մակարդակի հասցնել ու լծվել դրա իրականացմանը: Ալիեւն ասաց. «Դաշնակիցների փոխգործակցության մասին հռչակագրի վերաբերյալ գործնական աշխատանքը սկսվել է ավելի քան մեկ տարի առաջ»:
(Տեսանյութում այդ հատվածը՝ 10-11-րդ րոպեին)
Այսինքն, 44-օրյա պատերազմի շրջանում Պուտինի ու Ալիեւի միջեւ կայացել է գործարք՝ Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային հարաբերությունների հաստատում՝ Լեռնային Ղարաբաղի վերադարձի դիմաց: Սա չհասկանալ, կամ ցույց տալ, որ չես հասկանում, պարզապես արդեն ծիծաղելի է:
Կարծում եք պատահակա՞ն էր, որ Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային հարաբերությունների հաստատման հանդիսավոր արարողությունից հետո Ալիեւը Պուտինի ներկայությամբ հայկական կողմից պահանջեց Ղարաբաղից զորքերի դուրսբերում:
Այսպես, Ալիեւն իր հերթին շեշտեց, որ հռչակագիրը դրական նշանակություն կունենա Ռուսաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության համար։ Ապա՝ անցում կատարեց հայկական կողմից իր ակնկալիքների թեմային: Նա նշեց, թե հայկական կողմից սպասում է Ղարաբաղի տարածքից զորքերի դուրսբերում, ինչպես նաեւ Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունների բացում: «Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը ամբողջովին կիրականացնի 2020թ. նոյեմբերի 9-ին, 10-ին ստորագրված արձանագրությունների բոլոր կետերը, որոնք վերաբերում են բոլոր հայկական զորքերի դուրսբերմանը Ղարաբաղի տարածքից, ինչպես նաեւ Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ բոլոր հաղորդակցությունների բացմանը, ինչը հայկական կողմի իրավական պարտավորություններից է»,- ասաց նա՝ հավելելով, թե այդ ուղղությամբ աշխատանքները «շատ դանդաղ են ընթանում»։
Փետրվարի 22-ին ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների կնքման փաստը թողած՝ դեռ մեր իրականությունում մարդիկ կան, որոնք ոգեշնչված են փետրվարի 21-ին ուշ երեկոյան Ուկրաինայի հարավ-արեւելքում ճգնաժամի սրման ֆոնին Պուտինի հեռուստատեսային ուղերձով, որում նա առաջարկեց Ռուսաստանի խորհրդարանին վավերացնել Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու հրամանագրերը։ Հիմա մեր հասարակության մի հատված թաքուն հույսեր է փայփայում, որ Պուտինը կարող է մեզ վերադարձնել Հադրութը, Շուշին, ընդհանրապես՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բոլոր շրջանները, ինչու չէ՝ նաեւ Թուրքիայից խլել Կարսն ու Արդահանը:
Պուտինի սույն ելույթն, իհարկե, այսօր ռուսաստանցիներն ինչ-որ առումով Ռուսաստանի համար «պատմական ամնեզիայի ավարտ» են համարում: Սակայն հայերին չարժե ոգեւորվել, որ Պուտինն իր հեռուստաելույթում հիշեց «Ուկրաինա ստեղծած Լենին», ու ենթադրել, որ մի օր էլ նա կարող է հիշել Ադրբեջանի առաջացման ակունքները: Ալիեւի բացահայտումը՝ ռուս-ադրբեջանական դաշինքի ստեղծման գործընթացի ժամկետի վերաբերյալ, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի փաստն արդեն իսկ վկայում են, թե որ կողմում է ՌԴ նախագահը:
Այս ամենով հանդերձ դեռ մեր իրականությունում կան անհատներ, որոնք խիստ «մտահոգված» են, որ՝ «Արեւմուտքն ուզում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից», երբ ակնհայտ է, որ ընդհակառակը՝ Ռուսաստանն ամրանում է Հարավային Կովկասում, այդ քաղաքականությունը շարունակելու է նաեւ նախկին խորհրդային միության այլ հանրապետություններում: Ու որպեսզի թույլ չտան «Արեւմուտքը Ռուսաստանի դուրս մղի Հարավային Կովկասից»՝ հայաստանյան ընդդիմությունը «բուռն պայքարի» իմիտացիայով իր «ծառայություններն» է մատուցում Պուտինին՝ թեթեւ ակնարկելով, որ դեմ չէր լինի Հայաստանը Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական դաշինք մտցնել: Իսկ հայաստանյան համացանցային «ընդդիմադիրները», որոնց ներկայացուցիչները տարիներ շարունակ արեւմտյան տարբեր հիմնադրամների ու դեսպանատների են դիմել դրամաշնորհներ ստանալու համար, սակայն մերժվել են, այսօր «անխոնջ» ցույցեր են կազմակերպում՝ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության շենքի առջեւ: Ծրագիրը մեկն է՝ հանկարծ «Լենին-Աթաթուրք-2020» գործարքի մասին ոչ ոք ծպտուն չհանի, իսկ եթե համարձակվեն խոսել, ապա բացառապես մտքի հետեւյալ՝ ծիծաղ ու խղճահարություն առաջացնող փայլատակումների շրջանակներում՝ «Պուտինը ո՞նց կարող է հայից ավելի հայ լինել…»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.02.2022
Այսօր ՀՀ֊ը նման է մի նավի որի կապիտանն հանկարծ զոհվում է և նրան փոխարինում է նրա խոհարարն, քանի որ նա կապիտանի վստահված անձն է։Ծիծաղելի է խոսել նման հարցերից քանի որ ՀՀ-ում միայն նիկօլի նման սուտասաններ են մնացել։Ոչխարի հոտին մի կազյոյ բավարար է որ նրա հետևից գնան արածելու, գլուխներն կախ։