Արթուր Խաչատրյանը վստահեցնում է, որ իր վրա թանկարժեք մեքենաների գինը չի ազդում, որովհետեւ ինքը, ի տարբերություն իշխանական պատգամավորների, Bentley Rolls-royce եւ Maybach չի քշում:
ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը ժամանակին ասել էր, որ գնաճը աղքատների վրա չի անդրադառնում, որովհետեւ այսպես թե այնպես փող չունեն ծախսելու, բացի այդ, լուծում էին առաջարկում, ասում էին՝ թող կարտոֆիլ ուտեն: Հիմա այլընտրանք չկա, որովհետեւ թանկացել են առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ ամենաշատը կաղամբն է թանկացել՝ 277%-ով. «Հակոբ Հակոբյանն ասել էր՝ քանի որ աղքատները միս չեն ուտում, մսի գնի թանկացումը չի ազդում նրանց վրա, որպես քաղաքական գործիչ՝ իհարկե, նման բան իրավունք չուներ ասելու, բայց զուտ տնտեսագիտական առումով իր ասածի մեջ ճշմարտություն կա: Օրինակ, ինձ վրա զբոսանավերի գների փոփոխությունը որեւէ ազդեցություն չունի, ոչ էլ թանկարժեք մեքենաների: Ես, ի տարբերություն իշխանական պատգամավորների, Bentley Rolls-royce եւ Maybach չեմ քշում»:
Դիտարկմանը, որ իշխանականներն էլ ասում են՝ ընդդիմությունը Land Cruiser է քշում՝ Խաչատրյանն արձագանքեց, որ ինքը դա էլ չի քշում:
Անդրադառնալով գնաճին՝ նա նշեց, որ բնակչության 80%-ը խոցելի է, իսկ սննդամթերքը խիստ թանկացել է, մասնավորապես, բանջարեղենից գազարը, կարտոֆիլը, բազուկը. «400-450 դրամանոց գազար ես իմ կյանքում չեմ հիշում: Եվ այստեղ, իրոք, դժվար է խոսել այլընտրանքի մասին: Կառավարության վարած գյուղատնտեսական քաղաքականության արդյունքում գալիք տարի գներն է՛լ ավելի կթանկանան: Կառավարությունը մշտապես հղում է անում արտաքին գնային ճնշման վրա, բայց եթե նայեք ներմուծումների դինամիկան, ՊԵԿ-ը առաջին կիսայամյակի ցուցանիշը տվել է՝ այնտեղ նույնիսկ գնանկում է եղել, գնաճը շատ մեղմ է եղել: Այսինքն, գնագոյացման վրա ներքին պրոցեսները շատ ավելի են ազդում, քան արտաքին ճնշումը: Ապրանքային դեֆիցիտ ունենք, գյուղատնտեսության ակտիվությունն ընկնում է, սրան պետք է ուշադրություն դարձնեն: Եվ ընդհանրապես, նայեք վերջին 4 տարվա ընթացքում այս երկրում ինչ գործարան է բացվել, ինչ ձեռնարկություն: Փաշինյանը գնաց կտրեց Մերձավանի կենցաղային տեխնիկայի գործարանի ժապավենը, այդ գործարանը աշխատե՞ց մի օր, քանի՞ օր աշխատեց, Ադամյան հեռուստացույց էին ասում, մի քանի միավոր արտադրեցին եւ վերջ: Գնաց Վանաձորում կտրեց գազաբալոնային համակարգեր արտադրող գործարանի ժապավենը, բայց այդ գործարանն էլ չաշխատեց, կառավարությունը բան չի անում»:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ կարո՞ղ է ուղղակի Նիկոլ Փաշինյանի «ձեռքը խերով չի», ինչպես ասում են՝ Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Ձեռքն էլ խերով չի, ոտքն էլ խերով չի, ոչ մի բանն էլ խերով չի Նիկոլ Փաշինյանի: Այս մարդիկ ասում են՝ աղքատությունը գլխիդ մեջ է, վե՛ր կաց եւ քայլիր: Այդ դեպքում ինչո՞ւ պիտի աղքատությունը ինքը իրեն վերանա: Աղքատությունը երբեք ինքը իրեն չի վերանում, պետության քաղաքականություն պետք է լինի: Հասարակ բան՝ եկամտահարկի համահարթ հարթումը բերեց նրան, որ ճեղքվածքը հարուստների եւ աղքատների միջեւ է՛լ ավելի մեծացավ: Աղքատությունը դրանով ավելի մեծացավ: Կամ ամենաշքեղ տներ ունեցողների վրա գույքահարկը անհամեմատ ավելի փոքր է, քան միջին եւ աղքատ խավի վրա: Գալով իշխանության սոցիալ-պոպուլիստական լոզունգներով՝ իրենց ամբողջ քաղաքականությունը ուղղված է այդ խոցելի խավերի դեմ: Իրենք ասում են՝ նպաստները չավելացնենք, որովհետեւ դա ճնշում է բյուջեի վրա, թող տնտեսությունը աճի, հետո մարդիկ կաշխատեն, փող կունենան: Բայց այդ մարդը ինչքա՞ն պետք է դիմանա, մինչեւ տնտեսությունը զարգանա, իրենց խնդիրները այսօրվա են: Մինչեւ ապագա պետք է կարողանա ապրի, չէ՞»:
Փոխանցեցինք, ըստ իշխանականների, ընդդիմությունը գույները խտացնում է, ամեն ինչ այսպես գորշ է ներկայացնում, որ մարդիկ արտագաղթեն, այսինքն, դուք հակապետական քաղաքականություն եք վարում՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Անցյալ տարվա ընթացքում պետական փաստաթղթերով հայկական փաստաթուղթ ունեցող սահմանահատումները -73 հազար են կազմել: Այսպիսի մեծ արտագաղթի տեմպ վերջերս չի նկատվել: Մեր ամենամեծ արտագաղթը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ 400 հազարի կարգի, եւ էլի տարեկան կտրվածքով, որ նայենք, երբեք 70 հազարի չի հասել: Ու սա ես չեմ ասում, դա իրենց Վիճակագրական կոմիտեի տվյալներն են: Աղքատությունը, ըստ իրենց, աճում է, Համաշխարհային բանկով՝ է՛լ ավելի է աճում: Իրենք ինչ ուզում են ասեն՝ թանկացել է ամեն ինչ: Մարդը գնում է խանութ, մի քանի հազար դրամ վճարում է եւ կիսադատարկ տոպրակով դուրս գալիս: Դա էլ քիչ էր, տոպրակի համար 50 դրամ ավել փող է վճարում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.02.2022