Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի ենք համարում 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ժամանակավոր ներթափանցումը Հայաստանի տարածք. ԵՄ-Հայաստան Խորհրդարանական գործընկերության կոմիտե

Փետրվար 25,2022 09:00

ԵՄ-Հայաստան Խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ ԵԽ պատգամավոր Մարինա Կալյուրանդի եւ Արման Եղոյանի համատեղ հայտարարությունը ԵՄ-Հայաստան Խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպման արդյունքների վերաբերյալ

Երևան, փետրվար 24, 2022թ․ Եվրախորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ հանդիպումը, որը տեղի է ունեցել 2022թ․-ի փետրվարի 24-ին Երևանում, ամրապնդում է ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման հանձնառությունը։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2021 թվականի մարտին ուժի մեջ մտնելուց հետո՝ այս առաջին հանդիպումը առիթ էր պարզելու համաձայնագրի կիրարկման ընթացքը։ Մենք ողջունել ենք ձեռք բերված առաջընթացը և հորդորել ՀՀ կառավարությանը շարժվել առաջ՝ շարունակելով ստանձնած բարեփոխումների ուղին։ Էապես կարևորվել է նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ ԵՄ զգալի աջակցության տրամադրումը։

Մեր հավանությունն ենք արտահայտել առ այն, որ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանը կարող է հարկ եղածին չափ խթանել ներդրումներ, մասնավորապես Հայաստանի համար առանցքային, այդ թվում՝ ռազմավարական նշանակության միակցվածության ոլորտի, ինչպես նաև առավել խոցելի մարզերի աջակցության ծրագրերի միջոցով․ բարձր ենք գնահատել նաև COVID-19 համավարակի հետևանքների չեզոքացման գործում Հայաստանին աջակցելու ԵՄ-ն ջանքերը։

Նոյեմբերին ստորագրված Միասնական ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կարևոր քայլ էր, որը կարող է շոշափելի արդյունք ապահովել ԵՄ-ն և ՀՀ քաղաքացիների և բիզնեսների համար։ Միակցվածության ընդլայնումը կօգնի խթանել մարդկանց միջև շփումներն ու թափ հաղորդել տնտեսական աճին։ Շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված վերոնշյալ առարկայական քայլերից բացի, ողջունել ենք վերջերս ստորագրված «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում Հայաստանի, որպես ասոցացված երկրի կարգավիճակն, ինչպես նաև Եվրոպայի հետ ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։

Մենք բարձր ենք գնահատել այն, որ չնայած ԼՂ երկրորդ պատերազմի հետևանքով ստեղծված և COVID-19 համավարակով պայմանավորված բարդ համատեքստին, 2021 թվականի հունիսին կայացած Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով, ինչպես նաև բավարար են ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին։ Ըստ ընտրությունների արդյունքների Հայաստանի կառավարությունը ստացել է մանդատ շարունակելու բարեփոխումների գործընթացը, բարելավելու հանրային կառավարումը, իրականացնելու կոռուպցիայի դեմ պայքար և արդիականացնելու տնտեսությունը։ Շեշտադրել ենք քաղաքական բևեռացումը նվազեցնելու անհրաժեշտությունը և կոչ ենք արել բոլոր քաղաքական ուժերին դրսևորել զսպվածություն։ Կարևորվել են նաև բարեփոխումների իրականացման ընթացքում իշխանությունների տարանջատման հարգանքը և իրավունքի գերակայության սկզբունքները և առաջարկել ենք սահմանադրական բոլոր հարցերի վերաբերյալ ստանալ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունը և հետամուտ լինել դրան։

Մենք կրկին հաստատել ենք մեր անսասան աջակցությունը ԼՂ հակամարտության համապարփակ և խաղաղ կարգավորմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում ընթացող գործընթացին՝ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և Ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքների վրա։

Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության խորհրդի նախագահի ներգրավվածությունը և օգնությունը՝ նպաստելու փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը և վստահության ձևավորմանը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաղորդակցության ուղիղ կապի ստեղծման, ինչպես նաև պահվող հայ զինծառայողներին հայրենադարձելու ԵՄ միջնորդական ջանքերի միջոցով: Մենք հորդորում ենք ակտիվացնել ԵՄ-ն ներգրավվածությունը՝ օգնելու լուծել հրատապ չլուծված խնդիրները, ինչպիսիք են բոլոր մյուս հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, հակամարտության գոտում առկա մշակութային ժառանգության պահպանությունը և մարդասիրական ապաշրջափակման ապահովումը Լեռնային Ղարաբաղում:

Մենք անընդունելի ենք համարում 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ժամանակավոր ներթափանցումը Հայաստանի տարածք, ինչը Հայաստանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտում է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում հետագա առաջընթացը հույժ կարևոր է։ Միաժամանակ, մենք կոչ ենք անում դուրս բերել բոլոր ռազմական ուժերը սահմանամերձ հատվածներից՝ ետ քաշվելով մինչև 2021 թվականի մայիսի 12-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր՝ կանխել էսկալացիան և երաշխավորել տեղի բնակչության իրավունքները։

Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համահունչ, էական հնարավորություններ կստեղծի Հայաստանի և ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար։ Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը այս հավակնոտ նպատակին հասնելու հարցում և խրախուսում ենք հետագա առաջընթացի ապահովումը։ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու վերջերս սկսված ջանքերը նույնպես մեր մեծ աջակցությունն են վայելում, քանի որ այդ ուղղությամբ հաջողությունը բարի ձեռքբերում կլինի տարածաշրջանում տնտեսական զարգացման և կայունության համար։

Ակնկալում ենք ապահովել միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ակնկալում Կոմիտեի 3-րդ հանդիպումն անցկացնել 2023 թվականին Բրյուսելում կամ Ստրասբուրգում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28