Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում թեժ ու սուր քննարկումներ են ընթանում ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունների կապակցությամբ: Իհարկե, իրենց խորը մտահոգությունը հայտնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, հայ և ադրբեջանցի պատվիրակներն, այնուամենայնիվ, հանդես եկան փոխադարձ մեղադրանքներով: Ադրբեջանական պատվիրակության անդամները հայ գործընկերներին մեղադրում էին՝ իբր ԵԱՀԿ հարթակը՝ այն էլ այս ողբերգական իրադարձությունների պարագայում, սեփական շահին ծառայեցնելու մեջ: Մինչդեռ հայ պատվիրակները խոսում էին Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության և հայ ռազմագերիներին Հայաստանին չվերադարձնելու մասին:
ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանում քսենոֆոբիան, հայատյացությունը տարածված է պետական մակարդակով: Նա մեջբերումներ արեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից, որտեղ նա հայերի մասին վիրավորական արտահայտություններ է անում: Էդուարդ Աղաջանյանը մասնավորապես նշեց. «Մենք պետք է վերացնենք քսենոֆոբիան և ատելության խոսքը պետական մակարդակում, հակառակ դեպքում խորհրդարանական դիվանագիտությունն արդյունք չի ունենա: Ես հորդորում եմ իմ ադրբեջանցի գործընկերներին դադարեցնել այս վարքագիծը, եթե մենք անկեղծ ենք մեր ցանկության մեջ՝ հասնել երկարատև խաղաղության»:
Ադրբեջանական պատվիրակության անդամ Թուրալ Գանջալին էլ հայերին մեղադրեց ադրբեջանաֆոբիայի մեջ և հիշեցրեց Խոջալուի դեպքերի մասին:
Կարդացեք նաև
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց՝ խորապես մտահոգված են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով: Այնուհետև վստահեցրեց՝ ՀՀ-ն հանձնառություն է ստանձնել խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում: Անդրադառնալով ադրբեջանական կողմի վարքագծին՝ նշեց. «Ադրբեջանը խոսում է կառուցողական լինելու մասին, բայց հակառակն է անում՝ ամբողջ աշխարհին բացեիբաց հայտարարում, որ հակամարտության լուծման ճանապարհն ուժի կիրառումն է, ինչպես նա արեց 2020-ին՝ հարձակվելով Լեռնային Ղարաբաղի վրա և հայտարարելով, որ հակամարտությունը լուծել է: Մինչդեռ ԵԱՀԿ-ում էլ կարծում են, որ հակամարտությունը լուծված չէ, և այն պետք է լուծել խաղաղ կարգավորման մեխանիզմներով ԵԱՀԿ ձևաչափում: Այժմ էլ շարունակում է Ադրբեջանում պահել հայ ռազմագերիներին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ