Հարցազրույց Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանի հետ
– Սիրելի Վարսենիկ, մեր դիտարկմամբ՝ վերջին շրջանում ձեզ ավելի շատ հանդիպում ենք կամերային ձեւաչափով համերգներում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։ Լայն ընթերցողին հիշեցնենք, որ 2019 թվականից Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում հանդես եք եկել Կոմիտասի, Տերտերյանի, Մանսուրյանի… հայ-հրեական երաժշտությանը նվիրված համերգաշարերով՝ դաշնակահարուհի-կոնցերտմայստեր, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Կարինա Պողոսբեկովայի, Ֆիլիպ Չիժեւսկու ղեկավարած «Guesta musica» կամերային նվագախմբի եւ երգչախմբի հետ։ Օրերս եք վերադարձել Մոսկվայից, որտեղ ռեժիսոր, թատրոնի ռեֆորմատոր, ռեալիզմի ներկայացուցիչ Կոնստանտին Ստանիսլավսկու տուն-թանգարանում մասնակցել եք առաջին անգամ բեմադրված երեկոյի՝ բաղկացած երեք բաժնից, ինչը անսովոր է գոնե մեզ համար։ Ներկայացրեք, խնդրում ենք, երեկոն։
– Դա Opera. Live Inspiro նախագիծն էր, որի մտահղացումը ճանաչված պրոդյուսեր Յուլիա Կիտաեւայինն էր, բեմադրող ռեժիսորն էր նույնպես ճանաչված արվեստագետ Սերգեյ Մորոզովը։ Համերգին Ստանիսլավ Մալիշեւի ղեկավարությամբ մասնակցում էր Opensoundorchestra-ն։ Առաջին բաժնում կատարեցի Լուչանո Բերիոյի՝ տարբեր ժողովուրդների երգերից բաղկացած, այդ թվում՝ հայկական, «Folk songs» ոչ հաճախ հնչող երգաշարը, որը հեղինակը մշակել ու նվիրել է տիկնոջը՝ աշխարհահռչակ երգչուհի Քեթի Բերբերյանին…
– Այդ ստեղծագործությունը, եթե չենք սխալվում, դարձյալ հնչեցրել էիք Մոսկվայում։
Կարդացեք նաև
– Այո, 2021-ի գարնանն էր, Ֆիլիպ Չիժեւսկու ղեկավարած նվագախմբի ու երգչախմբի հետ, որից հետո այն կատարել եմ Երեւանում նույնպես, բայց կոնցերտմայստերի նվագակցությամբ։ Առաջին բաժնից հետո 30 րոպե ընդմիջում էր, որի ընթացքում փոխվում էր բեմը, այնուհետեւ սոպրանո Ալյոնա Վերին-Գալիցկայան մեկնաբանեց Շոնբերգի «Лунный Пьеро»-ն։ Այդ կատարումից հետո դարձյալ բեմը վերափոխվեց, այս անգամ հանդիսատեսը կարծես շրջապատեց այն եւ կատարվեց ժամանակակից կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստորովի Կվարտետը՝ կամերային նվագախմբի երաժիշտների մատուցմամբ։ Վերջինից հետո ներկայացրի Բրիտենի «Օրորոցայինների հմայքը» վոկալ շարքը՝ Ստանիսլավ Մալիշեւի փոխադրությամբ, քանի որ օրիգինալում այս ստեղծագործությունը գրված է ձայնի եւ դաշնամուրի համար։ Փոխադրության արդյունքում այն համահունչ է շարքի վերնագրին։ Իսկ երեկոյի ավարտին կամերային նվագախմբի երաժիշտներից կազմված տրիոյի ընկերակցությամբ հանդիսատեսին հրամցրի ամերիկացի կոմպոզիտոր Դեվիդ Լանգի Simple Song ստեղծագործությունը, դարձյալ մաեստրոյի փոխադրությամբ. օրինգինալում այն նվագախմբի համար է գրված։
– Մեզ մոտ էլ որոշ սիմֆոնիկ երաժշտության երեկոներ բեմադրվում են ռեժիսորի կողմից, ինչը, անկասկած, նաեւ դիտարժան է դարձնում համերգը։ Հասկանալի է՝ դժվար է խոսքով փոխանցել ռեժիսորական հնարքները հատկապես կամերային համերգների ժամանակ, բայց, այնուամենայնիվ, փորձենք մեր ընթերցողին գոնե մեկ տեսարան ներկայացնել ճանաչված ռեժիսոր Սերգեյ Մորոզովի մտահղացումներից։
– Երեկոյի երրորդ բաժնում՝ «Օրորոցայինների հմայքի» կատարման ժամանակ դահլիճում լույսներն անջատված էին, որոնց փոխարինում էին նոտակալների լույսերը, որոնք կարծես աստղիկներ լինեին։ Ստեղծագործության ավարտին երաժիշտները անջատեցին նոտակալների լույսերը… Իսկ իմ պարտիան մի քանի տող սոլո ձգվում է, որի ավարտին էլ ես հանգցրի լույսը։ Հավատացնում եմ՝ շատ տպավորիչ էր։
Իսկ երեկոյի ընթացքում ցուցադրվում էին քանդակագործ Ռոման Երմակովի աշխատանքները, ընդմիջումներին էլ հանդիսատեսին ուղեկցում էին Ստանիսլավսկու աշխատասենյակ, գրադարան եւ այլն, հակիրճ ներկայացնելով անվանի ռեժիսորի կյանքն ու գործունեությունը։
– Արդեն կարելի է վստահաբար ասել, որ դուք նախընտրում եք նաեւ կամերային ձեւաչափով համերգները։ Առաջիկայում որտե՞ղ եւ ի՞նչ ծրագրով կտեսնենք ձեզ։
– Տարբեր նախագծերով հանդես կգամ ոչ միայն Երեւանում, այլեւ, ինչպես հաճախ՝ մարզերում։ Առաջին մոտակա բեմելս մարտին է, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Կներկայանամ Դավիթ Հակոբյանի ռեժիսուրայով Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայով, որի պրեմիերան կայացավ 2021-ի ամռանը, Երեւանի օպերային թատրոնում։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
24.02.2022