Լրահոս
Օրվա լրահոսը

Քերոբյանը ապացույց է բերում, որ 1 տրիլիոն 370 մլրդ դրամ ներդրումները «հորդել» են Հայաստան

Փետրվար 24,2022 23:15

Այսօր Aravot.am-ը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց իր աղմկահարույց հայտարարություններից մեկի հետեւանքների մասին՝ գրառում արեցիք, որ ներդրումները հորդում են, Հայաստանը շինհրապարակ է դարձել, ունե՞ք թվային ցուցանիշներ, թե ներդրումներն ինչքան են «հորդացել» Հայաստան: Քերոբյանը սկսեց փորփրել հեռախոսը՝ գտնելու թվային ցուցանիշները եւ ասաց. «Իհարկե, մեր մոտ մենք ունենք շատ լավ ցուցանիշներ այս տարվա համար, որը, իհարկե, դեռ մեր երազանքը չի, բայց անհամեմատ ավելի շատ է: Եվ այսպես, փետրվարի 21-ին Վիճակագրական կոմիտեն հրապարակեց ՀՆԱ-ի թիվը, ՀՆԱ-ն աճել է 13%-ով, իսկ իրական տնտեսական աճը եղել է 5,7%: Համախառն կուտակումը, որը ըստ էության արտահայտում է ներդրումների ընդհանուր ծավալը, կազմել է 1 տրիլիոն 370 մլրդ դրամ, որը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է եւ 9,1%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Այս տեսանկյունից, իհարկե, ներդրումները կտրուկ աճ են արձանագրել եւ դա շատ ուրախալի է: Նաեւ, որը եւս շատ ուրախալի է, մեր մոտ օտարերկրյա ուղղակի ներդրումներն են էապես աճել եւ զուտ ներդրումները: Վերջին մի քանի տարիներին բացասական էր, հիմա նորից դրական է դարձել եւ դա եւս շատ ոգեւորիչ է եւ հուսադրող: Դա չի նշանակում, որ մենք գոհ ենք մեր արդյունքներից: Բնականաբար, կառավարության ծրագիրը եւ բյուջեի այս տարվա կանխատեսվող ցուցանիշները բավական բարձր են եւ դժվար հասանելի եւ մենք պետք է ջանք չխնայենք, որ հասնենք դրան այդ թվում՝ ներդրումների մասով»:

Դիտարկմանը՝ դուք միշտ լավատեսական թվեր եք ասում, բայց քաղաքացին ե՞րբ է պետք է դա իր մաշկի վրա զգա՝ Վահան Քերոբյանը պատասխանեց. «Երբ որ մենք ասում ենք, որ ՀՆԱ-ն աճել է 13%-ով, բայց իրական տնտեսական աճը 5,7 է, հենց այդ տարբերությունը կերել է գնաճը այսպես ասած: Օրինակ, վերցնենք աշխատատեղերը՝ դեկտեմբերի վերջի թիվը 659 հազար էր, որը ռեկորդային է: Բնականաբար, այն մարդիկ, ովքեր ստացել են նոր աշխատանք, այսինքն, մտել են աշխատաշուկա, իսկ նրանք տասնյակ հազարավոր են, նրանք իրենց մաշկի վրա զգացել են իրենց կյանքի փոփոխությունը, որովհետեւ առաջ չէին աշխատում, իսկ հիմա աշխատում են: Միջին աշխատավարձն է փոխվել, էլի առաջ մարդիկ չէին զգում, հիմա զգում են: Շինարարությունն է աճել, այդ ոլորտում եղած մարդիկ հաստատ զգում են, գործարարները հաստատ զգում են այդ արդյունքը: Կապիտալ ներդրումներն են մեծ ծավալով  իրականացվել: Դա վերաբերվում է այն մարդկանց, ում ճանապարհն է վերանորոգվել, ում դպրոցն է վերանորոգվել, այսինքն, այս բոլորը, իսկ դրանք հարյուրավոր ծրագրեր են, որ կառավարությունն արել է կապիտալ ծախսերի մասով, դա վերաբերվել է շատ մարդկանց ու ես վստահ եմ, որ շահառուները տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր մարդիկ են, որոնց կյանքի վրա էական փոփոխություն  է եղել, որովհետեւ իրենց  ճանապարհն է լավացել, լուսավորությունն է, ջրագծերն են եւ այլն»:

Հարցին՝ դուք հիմա վստահեցնում եք, որ մարդիկ ավելի լավ են ապրում օր օրի, քան նախկինո՞ւմ էին ապրում՝ նախարարը պատասխանեց. «Մենք ջանք չենք խնայում, որպեսզի այն խոստումները, որոնք տվել ենք մեր ժողովրդին հունիսի ընտրությունների ժամանակ, բոլորը մեկ առ մեկ իրականացնենք: Մեր աշխատանքը ուղղված է դրան»:

Քերոբյանն ասաց, որ բնականաբար, կլինեն մարդիկ, որոնց կյանքը այս ընթացքում այնքան էլ հաջող չի եղել, պրոբլեմներ են ունեցել, բայց բոլոր թվերը խոսում են այն մասին, որ կա դրական փոփոխություն. «Եթե ինֆլյացիան լիներ ավելի մեծ, քան ՀՆԱ աճը, մեր իրական աճը կլիներ բացասական, իսկ հիմա դա դրական է, նշանակում է՝ բարձր գնաճի պայմաններում այնուամենայնիվ մենք էապես առաջ ենք գնացել 5,7%, որը անհամեմատ ավելի բարձր է, քան ԵԱՏՄ երկրներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28