Մեր գրական հարուստ ժառանգությունը ժամանակակիցներին ներկայացնելու ձևերը տարբեր են: Սակայն, անկախ ձևից, մենք պիտի ինքներս մեզ ճանաչենք նաև մեր գրականությամբ:
Այս բանաձևումով Կապանի Արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը Թումանյանական միամսյակ է հայտարարել: Մեկ ամիս շարունակ փոքրիկ դերասանները խաղալու են մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթների ու պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումներ։
Ինչպես մեզ հայտնեց Կապանի Արվեստի դպրոցի մանկավարժ, դերասան Արթուր Գաբրիելյանը, առաջին երկու ներկայացումները՝ «Բարեկենդան», «Սուտասանը», «Անխելք մարդը», փոքրիկների համար խաղացել են Կապանի Էլեկտրոնային գրադարանում: Սակայն այսքանով չեն սահմանափակվում: Ինչքան էներգիա ունեն՝ ծառայեցնում են այս գործին, որովհետև թատերարվեստի հանդեպ մեծ հետաքրքրություններ ունեն ինչպես մեծերը, այնպես էլ փոքրերը:
Կարդացեք նաև
«Ներկայացումները կշարունակվեն մյուս երկու շաբաթների ընթացքում, կխաղանք նաև մանկապարտեզներում»,-ասաց Արթուր Գաբրիելյանը՝ հավելելով, որ այսօր էլ արդիական են Թումանյանի ստեղծագործությունները և նոր սերնդի ներկայացուցիչները պետք է դրանք կարդան, պահեն և փոխանցեն հաջորդ սերունդներին:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ