Հայաստանն ու Ֆրանսիան նշում են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, ինչի առիթով ընդունելություն էր կազմակերպվել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Անն Լույոն նշեց, որ վերջին իրադարձությունները թույլ չեն տալիս երջանիկ կերպով նշել տոնը՝ առանց անդրադառնալու դրանց:
«Ֆրանսիան, ԵՄ-ն խստորեն դատապարտում են Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը»,-ասաց դեսպանը: Նա խոսեց Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից: «Վերահաստատում եմ Ֆրանսիայի եւ ԵՄ համերաշխությունը ուկրաինացի ժողովրդին, որը տուժել է այս ներխուժումից»,-ասաց տիկին Լույոն:
Այնուհետեւ նա անդրադարձավ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների 30 տարիներին, առանձնացրեց վառ դրվագները, երկկողմ պաշտոնական այցերը, համաձայնագրերը, կարեւոր իրադարձությունները, ասաց, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են ֆրանսիացի եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Կարդացեք նաև
Դեսպանը, ի թիվս այլնի, հիշեց Միսաք Մանուշյանին, որը նրա խոսքով, գնդակահարվել է Ֆրանսիան նացիստներից պաշտպանելու խիզախության համար: Դեսպանը խոսեց Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպան Ֆրանս դը Հարտինգից, ում մասին փոքրիկ վավերագրական ֆիլմ ցուցադրվեց: Անն Լույոն ասաց, որ նա ինչ օրս սիրով է հիշում Հայաստանը:
Ելույթ ունեցավ նաեւ դեսպանի թարգմանիչ Արուսյակ Ամիրջանյանը, որը տարիներ շարունակ թարգմանել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի բոլոր դեսպաններին: Ավելի վաղ հնչեց նաեւ Ֆրանսիայի զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների, Ֆրանկոֆոնիայի, փոքր ու միջին ձեռնարկությունների հարցերով լիազոր նախարար Ժան-Բատիստ Լըմուանի խոսքը:
Ելույթ ունեցան Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը եւ Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը: Վերջինս ժամանակին բավականին երիտասարդ տարիքում ծառայության էր անցել որպես՝ Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար:
Դեսպանը խոսեց նաեւ Ֆրանսիայի դեսպանության գեղեցիկ շենքից, որտեղ նախկինում «Մասիս» ռեստորանն էր, ապա շնորհակալություն հայտնեց կառավարությանը նման գեղեցիկ շենք տրամադրելու համար: Դեսպանության պատերին փակցված էին լուսանկարներ, որոնք պատկերում էին 30 տարիների հետաքրքիր դրվագները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ